ԻԻՀ ԱԳՆ արձագանքը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ քննադատությանը. Շարունակելու ենք գործակցել

ԻԻՀ ԱԳՆ արձագանքը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ քննադատությանը. Շարունակելու ենք գործակցել

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր դիրքորոշում: Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:

Ի պատասխան հարևան երկրների՝ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ հնչեցրած քննադատություններին, Աֆխամը մասնավորապես նշել է.

«Իրանի և Հայաստանի միջև առկա է լավ գործակցություն, երկու երկրների միջև լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, հուսով ենք՝ կարճ ժամանակում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կկոչվեն»:

Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը նաև հավելել է, թե տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր դիրքորոշում:

«Վստահ եմ` մեր երկու երկների լավ հարաբերությունները ուղղված չեն այլ երկրների շահերի դեմ»,- ասել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը, իրանական Irna լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկներ էր Իրան, որտեղ ԻԻՀ նախագահի նստավայրում կայացել է Հովիկ Աբրահամյանի և նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Երևանն ու Թեհրանը մի շարք լուրջ նախագծեր են մտադիր իրականացնել և իրականացնում են էներգետիկայի ոլորտում: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Իրանն ու Հայաստանը մտադիր են նաև հիդրոկասկադ կառուցել Արաքս գետի վրա Մեղրի քաղաքի մոտ: Ըստ նախագծի, ՀԷԿ-ի հզորությունը կկազմի մոտ 150 ՄՎտ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժ: Նախագծի արժեքը կազմում է մոտ 320 մլն դոլար: Ֆինանսավորումը պետք է իրականացնի Իրանը, երկիրը փոխարենը 15 տարվա ընթացքում կստանա էլեկտրաէներգիա, որից հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը:

Ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է մոտ 300 մլն դոլար՝ մոտ 198 մլն դոլար կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, և մոտ 95 մլն դոլար՝ արտահանումը Հայաստանից Իրան:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---