Ֆրեզնոյում բացվել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Ֆրեզնոյում բացվել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակը

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյում կայացել է ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությանը հետևած ճաշկերույթին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամները՝ նախագահ Անդրեաս Բորջեսի գլխավորությամբ, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Թոմ Բերիհիլը, ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, 5-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Շառլ Փուչիկյանը, օտարերկրյա դիվանագետներ, Ֆրեզնոյի մարզի այլ պաշտոնյաներ:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն իր խոսքում նշել է, որ իր նպատակն ու գլխավոր խնդիրն է սերտացնել հարաբերությունները Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև, նպաստել մշակութային և գործարար կապերի ակտիվացմանը:

Միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների մոտ 400 ներկայացուցիչ, հոգևոր հայրեր:

Ֆրեզնոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դ. վերջին։ Ներկայումս Ֆրեզնոյում և նրա շրջակայքում բնակվում է մոտ 60.000 հայ։ Գործում են Սբ Պողոս, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Աստվածածին, Սբ Սահակ-Մեսրոպ հայ առաքելական, ինչպես նաև՝ ավետարանական եկեղեցիներ, Համագաղութային ամենօրյա վարժարանը (1978-ից) և այլն: Քաղաքում առկա հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու նպատակով ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։

Նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում Սան Ուաքին հովտի հայկական համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել:Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---