Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով հոկտեմբերի 23-ի իր նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը, որն այս քառօրյայում պատգամավորների միջև բուռն քննարկումների առիթ էր դարձել:

Մինչև քվեարկությունը՝ օրինագծի քննարկմանն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուր քննադատության է ենթարկել Կառավարության այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե օրինագծի 90 տոկոսը կապ չունի այդ համայնքների հետ:

Նրա խոսքով, բնակիչներին հասցեական օգնություն տրամադրելու՝ օրինակ, գազի և էլեկտրաէներգիայի վճարը փոխհատուցելու փոխարեն, այս օրինագծով հարկերից ազատվում են կրպակները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սեպտեմբերի 25-ի հերթական նիստում Կառավարությունը հավանություն էր տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և ևս 8 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուօրինագծերին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է. այս որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Վարչապետի համոզմամբ, օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն։

Պատգամավորը հիշեցրել է, որ այն օրերին, երբ սահմանին իրավիճակը լարվել էր, գյուղացիներին օգնության խոստումներ են տրվել․

«Այս օրենքը նշանակում է հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում, արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո»,- նշել է նա:

Ավելի ուշ հակադարձելով Փաշինյանին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե սահմանամերձ բնակավայրերին հատկացվելիք օգնությունը փուլային է լինելու, և սա միայն առաջին փուլն է։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այս օրինագծի քննարկումը ՀՀԿ պատգամավորները «միտումնավոր ձգձգում են, որպեսզի մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը քննարկման չդրվի ոչ իշխանական ուժերի նախաձեռնած կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը»։

Վահրամ Բաղդասարյանը, «անհեթեթ» որակելով Զուրաբյանի մեղադրանքը՝ կոչ է արել հանրահավաքին մասնակցող քաղաքացիներին հարցնել, թե որ հարցն է ավելի կարևոր․ «Սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունների մասին օրե՞նքն է կարևոր, թե ձեր ներկայացրած օրենքը: Հանրահավաքում հավաքված ժողովուրդը դրա պատասխանը կտա»:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու՝ պայմանով, որ այն հարցադրումները, որ հնչեցվել են, հաջորդ ընթերցման ժամանակ շտկվեն, մասնավորապես` փաթեթում առկա մյուս նախագծերը տարանջատել սահմանամերձ համայնքներին տրվող արտոնություններից, գրում է Tert.am-ը:

ՕԵԿ խմբակցությունից վարման կարգով ձայն է խնդրել Հեղինե Բիշարյանը, ով նշել է, որ նույնպես կողմ կքվեարկեն նախագծի փաթեթին, բայց, իհարկե, վերապահումով:

Հրանտ Բագրատյանն իր հերթին ասել է, որ փաթեթում 8 օրենք է ներգրավված, ինչին ինքը դեմ է. «Ինչո՞ւ եք միասին դնում, ինչի՞ հիմա չհանենք այս նախագիծը մյուսներից»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձել է, թե քննարկել են այդ հարցը, որ փաթեթից հանվի «սահմանամերձ»-ին վերաբերող նախագիծը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ, երբ նախաձեռնվեց արտոնություններ տալու հարցը, բոլորվին այլ արտոնությունների հարց էր քննարկվում ու այդ բովանդակությունը փաթեթում տեղ չի գտել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---