ՆՈւՌ ծրագիրն ընդլայնվել է. Անվճար համակարգիչ են ստացել Արցախի ևս 6 շրջանի դպրոցականներ

ՆՈւՌ ծրագիրն ընդլայնվել է. Անվճար համակարգիչ են ստացել Արցախի ևս 6 շրջանի դպրոցականներ

PanARMENIAN.Net - ՆՈւՌ ծրագիրը մեծացրել է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվիրած XO համակարգիչները բաշխվում էին Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-ից՝ 4-րդ դասարանցիներին և ուսուցիչներին, ապա այս տարի ծրագիրն ընդարձակվել է ու այժմ ընդգրկում է 6 նոր շրջան՝ Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի:

2014-2015 ուստարում 1-ից՝ 4-րդ դասարանցիներին հանձնված XO դյուրակիր համակարգիչներից բացի նաև Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներն են ստացել Class Mate համակարգիչներ:Վերջիններս նախատեսված են պատանիների համար՝ աշխատում են Windows 8–ի հիման վրա, որը թույլ է տալիս մշակել տեքստերը, աղյուսակներ կազմել, աշխատանքները ներկայացնել գեղարվեստորեն, տեսանյութեր ու խաղեր ստեղծել, ինչպես նաև մուտք դեպի համացանց:

Նոր համակարգչն ունի նկարելու և գունավորելու ծրագրեր, համացանցային տեսախցիկ` ձայնագրիչով, որոնք թույլ են տալիս լուսանկարել ու տեսագրել, հետագայում նաև խմբագրել այդ նյութերը: Բացի այդ, համակարգչով կարելի է գրքեր ընթերցել, որոնք կօգնեն աշակերտներին սովորել:

ԼՂՀ-ում և ՀՀ-ում արդեն 7100 երեխա է նոր համակարգիչ ստացել, որոնցից 750-ը Class Mate տիպի են: Համակարգիչները հանձնելուց առաջ դպրոցների ուսուցիչները վերապատրաստվել են:

Նոր ուսումնական ռազմավարություն (ՆՈւՌ) ծրագրի կարգախոսն է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային»: Կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2011-ից այն իրագործում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը՝ ԼՂՀ կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր միության հետ գործակցությամբ:

Երբ Արցախի կառավարությունն ինտերնետային կապ ապահովի, հիմնադրամը կշարունակի համակարգիչներ հանձնել Արցախի մյուս համայնքների դպրոցներին: Համակարգիչները երեխաներին նվիրում են:

ՆՈւՌ–ի նպատակներից մեկն է կրթության ոլորտի մասնագետներին նախապատրաստել` համակարգիչները դասարաններում արդյունավետ կիրառելու մանկավարժական նոր մեթոդներ առաջարկելով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---