Անիի ավերակները` ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Թուրքիան արագացնում է գործընթացը

Անիի ավերակները` ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում. Թուրքիան արագացնում է գործընթացը

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ցանկանում է արագացնել հայկական պատմական Անի քաղաքի ավերակները ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը:

Թուրքական Beyaz Gündem լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է, որ այս մասին հայտարարել այդ երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը:

«1000 ու մեկ եկեղեցիների քաղաքը» 2012-ից ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում: Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ Անին իր տեղը գտնի հիմնական ցուցակում:

Չելիքի խոսքով` իրենք կարևորում են այդ մշակութային ժառանգության պահպանումն ու հանձնումը գալիք սերունդներին: Թուրք նախարարը խոսել է նաև Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ամենակարևոր օբյեկտներից մեկը հանդիսացող Անիում կատարվող աշխատանքների մասին: Վերջինս հաղորդել է, որ դրանք իրականացնելու է Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոսական կազմից ու միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը:

Սուրբ Փրկիչ եկեղեցու և Մրեն տաճարի վերականգնման աշխատանքներին կներգրավվեն նաև հայ մասնագետներ: Ցանկում ընդգրկվելու են Անիում գտնվող 21 մշակութային օբյեկտ:

Ավելի վաղ թուրքական Star թերթում հրապարակված հոդվածում լրագրող Ռեջեփ Գյուվելիօղլուն թուրքական կառավարությանը խորհուրդ է տվել 2015-ին ընդառաջ վերակառուցել Անին:

«Անին հայերի համար հավատքի կենտրոն է: Անին մեզ համար էլ է կարևոր: Տարիներ շարունակ ավերված Անին Հայաստանի սահմանին է: Ինչպես որ Թուրքիան արեց Աղթամարի դեպքում, Անին էլ կարճ ժամանակահատվածում և միջազգային խորհրդատուների ու օտարերկրացի վերակառուցող ընկերությունների մասնակցությամբ պետք է վերակառուցվի»:

Նա հավելել է, որ Անիի շինությունների վերակենդանացումից հետո քաղաքը պետք է բաց լինի հայերի համար, և այնտեղ մտնելու և իրենց հոգևոր արժեքները տեսնելու համար մուտքի արտոնագիր կամ անձնագիր չպետք է պահանջվի:

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն:

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել: Հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:

Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---