ԵԽ հանձնակատար. Մարդու իրավունքների ոլորտում աշխատանքն Ադրբեջանում դարձել է անհնար

ԵԽ հանձնակատար. Մարդու իրավունքների ոլորտում աշխատանքն Ադրբեջանում դարձել է անհնար

PanARMENIAN.Net - Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքում։

Contact.az-ի հաղորդմամբ, Մուժնիեկսի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «այցի անհրաժեշտության պատճառն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերների ձերբակալություններն են, ինչը փաստացի անհնարին է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը»։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին հանձնակատարն ընդգծել էր դեռևս 2013-ի մայիսին հատուկ զեկույցում, իսկ այս տարվա ապրիլին նշվել է իրավիճակի հետագա վատթարացման մասին։

Ներկայիս ձերբակալությունների մի մասը կապված է ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։

«Օրենքը չպետք է անհնարին դարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր դրամաշնորհներ են ստացել՝ չգրանցելով դրանք։ Նրանք դրա համար չպետք է պատժվեն»,-ասել է Մուժնիեկսը։

Նախօրեին` հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի Նասիմինի շրջանի դատարանում Բաբեկ Պանախովի նախագահությամբ քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին գլխավոր դատախազության դիմումը: Արդյունքում դատարանը որոշել է Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 4 ամսով՝ մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը:

Քննությունը կալանքի ժամկետի երկարաձգումը բացատրել է համապատասխան քննչական գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հոկտեմբերի 24-ին արժանացել է Sergio Vieria de Mello պարգևի, իսկ կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիան նրա թեկնածությունն է առաջադրել 2015-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---