23  25.10.14 - «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացումը

«Երևան շոու-2014». Ոսկերչական ԱՏԳ-ն բացվել է, բայց ամբողջ հզորությամբ կաշխատի 2015-ից

«Երևան շոու-2014». Ոսկերչական ԱՏԳ-ն բացվել է, բայց ամբողջ հզորությամբ կաշխատի 2015-ից

PanARMENIAN.Net - Նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 25-ին բացվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային եռօրյա ցուցահանդեսը, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը:

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև մոտ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա 125 ընկերության ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։

Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաև «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով և դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշխարհային միտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:

Հանրապետության նախագահն այցելել է նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք:

Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, որ Ազատ տնտեսական գոտու նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, բացի այդ, ԱՏԳ-ն գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:

«Ազատ տնտեսական գոտին իր ենթակառույցներով արդեն պատրաստ է ընդունել իր առաջին ռեզիդենտներին, իսկ ամբողջ հզորությամբ այն կաշխատի 2015-ից»,- հայտարարել է Գևորգյանը` հավելելով, որ ԱՏԳ-ում կտեղակայվի 120-150 օտարերկրյա ընկերություն, որոնք կապահովեն 1000-1500 նոր աշխատատեղ, գրում է Panorama.am-ը:

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված է ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանք:

Միջոցառման շրջանակներում նախագահը դիտել է նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---