Թուրքիան նախկինի պես ԵՄ է ձգտում. Անկարան գործողությունների նոր ծրագիր ունի

Թուրքիան նախկինի պես ԵՄ է ձգտում. Անկարան գործողությունների նոր ծրագիր ունի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրը հոկտեմբերի 30-ին ներկայացրել է Եվրամիությանն անդամակցելու գործողությունների նոր ազգային ծրագիրը, որով նախատեսվում է մի շարք օրենսդիր ակտեր ընդունել թուրքական օրենսդրությունը եվրոպականի հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

«Գործողությունների ազգային պլանը երաշխավորում է, որ Թուրքիան կկատարի ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները: Մենք արդեն մոտ 2000 նոր օրենք ենք ընդունել վերջին 12 տարում, և կարող ենք հպարտանալ դրանով»,-հայտարարել է Բոզկիրը Անկարայում մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ առաջին փուլում՝ 2014-ի նոյեմբերից մինչև 2015-ի հունիսը Թուրքիան պետք է 36 նոր օրենք ու 142 ենթաօրենսդրական ակտ ընդունի:

Նախարարը նշել է ծրագրի երեք հիմնական բաղադրիչները՝ «քաղաքական բարեփոխումների հիմնավորվածություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումների անկասելիություն, հաղորդակցման արդյունավետություն»: Ըստ Բոզկիրի, անդամակցությունը ԵՄ-ին ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական գործընթաց է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց երկրի 62-րդ կառավարության ծրագիրը: «Մենք կիրականացնենք ԵՄ հետ բանակցություններին վերաբերող գործողությունների ծրագիր: Այն նախատեսված է 2014-2015 թթ. համար: Նախորդ կառավարությունն այդ ոլորում բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել, սակայն այժմ գործընթացը դանդաղել է: Նոր խթան է հարկավոր: Լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին կառավարության գլխավոր նպատակներից մեկն է»,-ասաց նա: Դավութօղլուն նշեց նաև, որ նախարարների կաբինետը մտադիր է «կայուն ու անվտանգ քաղաքականություն» վարել եվրաինտեգրման հարցում: Մասնավորապես, կառավարությունը կպայքարի բանակցային ծրագրի սառեցված կետերը բացելու համար:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---