Նախարար. Ադրբեջանցի դիվերսանտների դատը վարվում է միջազգային նորմերի համաձայն

Նախարար. Ադրբեջանցի դիվերսանտների դատը վարվում է միջազգային նորմերի համաձայն

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ընթացող ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամի՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը վարվում է միջազգային նորմերի համաձայն: Լրագրողների հետ ճեպազրույցում նման գնահատական է հնչեցրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է, դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է հատկապես մեր տարածաշրջանում»,- ասել է նախարարը:

Օհանյանի խոսքով, դիվերսանտները պարտադիր պետք է իրենց պատիժը ստանան, գրում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկած Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող դատական նիստում հոկտեմբերի 31-ին Շահումյանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող Ասկերովը ժխտել է մեղադրող կողմի ներկայացրած այն փաստը, ըստ որի նրա կողմից կատարված մեկ այլ տեսագրության մեջ, նկատի ունենալով Ս. Ցականյանին, ասում է, որ իրենք վերցրել և տանում են մոտ 20 տարեկան մի «խոճկոր», որին առայժմ չեն կարող բաց թողնել, իսկ նրան հսկում է Գուլիևը։

Ասկերովը համաձայնել է, որ պատանու դիակի և իր ինքնաձիգի փորձաքննությունը վկայում են իր մեղավորության մասին, սակայն ժխտել է այդ սպանությանն իր մասնակցության հանգամանքը։

Հատկանշական է, որ նա հակասական ցուցմունքներ է տվել` մի դեպքում ասելով, թե իր ինքնաձիգը, որով և սպանել են Ցականյանին, վերցրել է Հասանովը, իսկ մյուս դեպում նշելով, թե իր զենքը խմբի անդամներից ոչ մեկի հետ չի փոխել։

Հոկտեմբերի 30-ին կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե նախաքննությանը տված ցուցմունքների ժամանակ արդյոք նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, Գուլիևը պատասխանել է, որ ոչ մի ճնշում չի եղել, և առ այսօր նրանց հետ նորմալ են վերաբերվում: Հերթական ցուցմունքի ժամանակ Գուլիևը կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել ԼՂՀ սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը՝ պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ:

Artsakhpress-ը հաղորդում է, որ դատական նիստի վերջում դատախազի այն հարցին, թե որն է եղել իրենց հետ Ադրբեջանի դրոշներ բերելու նպատակը, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դիվերսանտները տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո, ամբողջ ճանապարհի ընթացքում։ Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ հանդիպման ու սպանության մանրամասներին՝ Ասկերովը պնդել է իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ պատանին արդեն Գուլիևի և Հասանովի հետ էր։ Գուլիևն էլ պնդել է, թե կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Ս. Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհին։

Հակասական էին նաև երկու ամբաստանյալների ցուցմունքները պատանու սպանության մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, Ասկերովի խոսքով, ինքը մի որոշ ժամանակ անց՝ բաժանվելուց հետո, Գուլիևին և Հասանովին կրկին հանդիպել է՝ առանց պատանու ուղեկցության և ի պատասխան իր հարցին, թե ուր է պատանին, Հասանովն ասել է, որ նա իրեն վատ էր զգում և թողել են ճանապարհին։

Գուլիևն էլ պատմել է, թե Ցականյանը մինչև վերջ իրենց հետ էր։ Երբ բոլորը միասին էին՝ Հասանովն ու Ասկերովն առանձին ինչ-որ խոսակցություն են սկսել՝ պահանջելով, որ չլսի այն։ Գուլիևը հավաստիացնում է, որ նրանցից մի քանի քայլ հեռանալուց հետո, ինքնաձիգի կրակահերթ է լսել և, շրջվելով, տեսել նրանցից մի փոքր հեռու ընկած պատանուն, ապա՝ մոտենալով, տեսել է, որ նա արդեն մահացած է։ Գուլիևի ներկայացմամբ՝ այդ պահին նկատել է նաև, որ Հասանովը կանգնած է եղել ինքնաձիգն ուսից կախ, իսկ պպզած դիրքում գտնվող Ասկերովի ծնկին դրված ինքնաձիգի փողն ուղղված էր դեպի պատանին։

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---