4 նոյեմբերի 2014 - 13:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրք լրագրող. Արցախ այցելողները դավաճանում են «եղբայրական Ադրբեջանին»

Թուրք լրագրող և BengüTürk հեռուստաընկերության տնօրեն Մուրադ Իդեն խստորեն քննադատել է Արցախ այցելած թուրք լրագրողներին և նրանց մեղադրել «եղբայրական Ադրբեջանին դավաճանելու համար»:

Olaylar.az կայքը մեջբերում է հոդվածը, որտեղ Իդեն գրում է.

«2015-ի շեմին ենք:Հայաստանն ու հայկական լոբբին, հայկական սփյուռքն ու կազմակերպությունները պարապ չեն մնում: 1915-ի դեպքերի տարելիցին գուցե և ամբողջ աշխարհը ոտքի կանգնի… Իսկ մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ ենք անելու»,- գրում է նա:

Իդենը գրում է, թե բավական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան այնպիսի իշխանություն ունի, որը դեմ չէ Հայաստանի հետ սահմանները բացելուն, անգամ կան լրագրողներ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, մեջբերում է Tert.am-ը:

Նա ասել է, թե հայերը սիրիական Քոբանին համեմատում են Արցախի հետ, սակայն թուրք լրագրողները չպետք է մոռանան Խոջալուն:

«Այդ ամենը քիչ էր, ռեժիսոր Ֆաթիհ Աքինը որոշել է ֆիլմ նկարահանել՝ նվիրված ցեղասպանությանը: Նա չի ամաչում հայտարարել, թե հայերը վաղուց էին թուրքերից նման ֆիլմ սպասում», - գրում է Իդեն՝ նշելով, թե թուրք ռեժիսորը չպետք է մոռանար Խոջալուն:

Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը Թուրքիայում դեռևս չցուցադրած, Ֆաթիհ Աքինն արդեն սպառնալիքներ է ստանում: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ավելի վաղ թուրքական լրատվականները գրել էին, որ դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել:

ՖՈՏՈՇԱՐՔ