11 նոյեմբերի 2014 - 13:24 AMT
Վրաստանի գլխավոր դատախազությունը խստացրել է մեղադրանքները Սահակաշվիլիի և Մերաբիշվիլիի դեմ

Վրաստանի գլխավոր դատախազությունը խստացրել է մեղադրանքները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ 2005-ի ամռանը այն ժամանակ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի գործով: Նոր մեղադրանքներ են ներկայացվել նաև ներքին գործերի նախկին նախարար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին:

«Միխայիլ Սահակաշվիլիի և Իվանե Մերաբիշվիլիին ներկայացված մեղադրանքը խստացվել է՝ այժմ նրանց մեղադրում են Վրաստանի ՔՕ 25-117 հոդվածի 5-րդ մասով (առողջությանը ծանր վնաս հասցնելու կազմակերպում), այն դեպքում, երբ նախկինում նրանց մեղադրում էին 333 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների գերազանցում բռնության կիրառմամբ)»,-ասվում է դատախազության նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Օգոստոսի 5-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Միխայիլ Սահակաշվիլիին և Վանո Մերաբիշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

Հուլիսի 28-ին նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլիի դեմ արդեն քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները գերազանցելու գործով:

Նախկին նախագահի հետ միևնույն գործով է անցնում նրա հետ աշխատած մի քանի պաշտոնյա. ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին, նախկին դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Կեզերաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Ըստ դատախազության, մեղադրյալները գերազանցել են պաշտոնեական լիազորությունները 2007-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիի Ռուսթավելու փողոցում ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ: Նրանց կասկածում են նաև «Իմեդի» հեռուստաընկերության շենք ապօրինի ներխուժելու և հանցավոր ճանապարհով հանգուցյալ ձեռներեց Բադրի Պատարկացիշվիլիի գույքը յուրացնելու մեջ»: Դատախազությունում նշում են, որ նշված հանցագործությունների համար մեղադրյալներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Մասնավորապես, դատախազությունում հայտարարում են, որ ապօրինի գործողությունների արդյունքում նախկին իշխանությունները խախտել են Պատարկացիշվիլիի ընտանիքի սեփականության իրավունքը, այն է յուրացրել են «Մթածմինդա» հանգստի գոտին և Ռուսթավի մետալուրգիական գործարանը: Ավելին, ըստ մեղադրանքի, Սահակաշվիլիի ղեկավարությամբ 2007-ի նոյեմբերին մշակվեց բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական ճնշման ծրագիրը, իսկ հետագայում նաև հանրահավաքը ցրելու մեղադրանքը, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Ասվում է նաև, որ Սահակաշվիլիի կառավարման օրոք միջամտություն է կատարվել անկախ ԶԼՄ-ների գործունեությանը («Իմեդի» հեռուստաալիք):

Դատախազությունը հայտնել է նաև, որ մի շարք գործեր, որոնց առնչությամբ նախկինում Սահակաշվիլին կանչվել է հարցաքննության որպես վկա, ավարտական փուլում են և առաջիկայում արդյունքները կհրապարակվեն: Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով իր նախորդի հանդեպ կայացված դատավճիռը, հայտարարել է, որ Սահակաշվիլիի շրջապատի բոլոր պաշտոնյաների դեմ հարուցված գործերն ավարտին կհասցվեն: Նա հերքել է նաև Մերաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե երկրի նախկին ղեկավարության հետապնդումը քաղաքական բնույթ է կրում: