11 նոյեմբերի 2014 - 12:33 AMT
CNN-ը հեռանում է Ռուսաստանից, իսկ Մեծ Բրիտանիայում կարող են արգելել Russia Today-ը

CNN հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի կաբելային ցանցերում ԶԼՄ-ների ոլորտում ռուսաստանյան օրենսդրության վերջին փոփոխությունների պատճառով:

Այդ մասին, ըստ «Փրայմի», հայտարարել է հեռուստաալիքի սեփականատեր Turner International ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Լոնդոնում Կլաուդիա Կոլեսը:

«Turner International-ը դադարեցնում է CNN-ի հեռարձակումը Ռուսաստանում ԶԼՄ-ների ոլորտում ռուսաստանյան օրենսդրության վերջին փոփոխությունների պատճառով»,-հայտարարել է Կոլեսը: Ընկերությունը կպահպանի միայն CNN-ի թղթակցային կետը Մոսկվայում:

Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ընկերությունը չի հայտնել: Սակայն ոչ պաշտոնապես CNN-ի հեռանալը կապում են ԶԼՄ-ների մասին օրենքի նոր խմբագրության հետ, որով մեդիաներում օտարերկրյա կապիտալի թույլատրված մասնաբաժինը 50-ից նվազեցվել է մինչև 20 տոկոս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է փաստաթուղթը հոկտեմբերի 15-ին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում կարող են արգելել ռուսական անգլալեզու Russia Today ալիքի հեռարձակումը: Ինչպես հայտնում է Guardian-ը, Ofcom մեդիականոնակարգողը զգուշացում է ներկայացրել հեռուստաալիքին Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար:

Մասնավորապես, առիթ է հանդիսացել 4 սյուժե, որոնք, ըստ կանոնակարգողի, անաչառ չեն լուսաբանվել: «Էխո Մոսկվի» կանոնակարգողի մեկնաբանության մեջ ասվում է, որ մի քանի բողոք է ստացվել ռուսական հեռուստաալիքի հեռուստադիտողներից Մեծ Բրիտանիայի տարածքում: «Մենք հայտնաբերեցինք, որ Russia Today-ը խախտել է օբյեկտիվ լուսաբանման նորմը: Իրադարձությունները լուսաբանելիս հեռուստաալիքը չպետք է որևէ մեկի կողմը հակվի…Քննության արդյունքում մենք պարզեցինք, որ Russia Today-ը միայն մի դիրքորոշման է սատարում՝ դա ՌԴ կառավարության դիրքորոշումն է…Դա կոպտորեն խախտում է օբյեկտիվ լուսաբանման նորմերը: Մենք արդեն տասը խախտում ենք արձանագրել և զգուշացնում ենք՝ եթե հայտնի դառնա ևս մեկ միջադեպի մասին, մենք ստիպված կլինենք պատժամիջոցներ կիրառել հեռուստաալիքի դեմ»,- ասել է Ofcom-ի ներկայացուցիչը:

Ըստ կանոնակարգողի, հեռուստադիտողի ևս մեկ բողոքի դեպքում Russia Today-ի հեռարձակումը Մեծ Բրիտանիայում կկասեցվի:

Հեռուստաալիքում «հարգանքով» են վերաբերվում ցանկացած պետության տեսակետը արտացոլելու ձգտմանը: Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է BBC-ին, որ «բրիտանական օրենսդրության գործողությանը ենթակա ԶԼՄ-ները նույնպես ոչ միշտ են արտացոլում կառավարությունների դիրքորոշումը, եթե այն քաղաքականապես այս կամ այն չափով չի համընկնում եվրոպական կամ ամերիկյան քաղաքական շրջանակների կարծիքի հետ»: