11 նոյեմբերի 2014 - 14:52 AMT
Ռումինիայում բացվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին Հայագիտության ինստիտուտը

Նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի է ունեցել Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը:

Այն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և կյանքի է կոչվել ինստիտուտի ղեկավար, նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով ուսումնասիրությունների դոկտորական դպրոցի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչի և Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ռումինիայի Հայոց Միության աջակցությամբ:

«Հայագիտության ինստիտուտի հիմնադրումը ոչ միայն կարևոր քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում, այլև չափազանց հրատապ` հաշվի առնելով գալիք տարի հիշատակվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյակը, իրադարձություն, որը խորը ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի հայության վրա»,- ասել է Նաստասե-Կովաչը:

Դեսպան Համլետ Գասպարյանն էլ, ներկայացնելով միջպետական մակարդակով տարված աշխատանքը, որ նպաստել է Ռումինիայում հայագիտության նկատմամբ հետաքրքրության զարթոնքին, հույս է հայտնել, թե Բալկաններում և հարակից երկրներում հայոց բազմամյա ներկայության մասին գիտական հետաքրքրություններից զատ, Հայագիտության ինստիտուտի գործունեությունը կնպաստի նաև այսօրվա եվրոպական տարածքում մշակութային բազմազանության մեջ հայկական տարրի բացահայտմանը և հայկական ինքնության հարստացմանը:

«Կարծում եմ` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Հայագիտության ինստիտուտը կարող է դառնալ բաց հարթակ այդ ահավոր ողբերգության պատճառների և ավերիչ հետևանքների քննարկման համար, հետևանքներ, որոնք մեծապես ազդել են հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա, ձևավորել ծանր կորուստներով և դեռևս չամոքված խոր վերքերով պայմանավորված հայկական ինքնությունը, հայ սփյուռքին և Հայաստանին կանգնեցրել դժվարագույն մարտահրավերների առջև», - նշել է դեսպան Գասպարյանը:

«Նոր ինստիտուտը կարևոր և անհրաժեշտ քայլ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում և պետք է հետազոտություններ կատարի ոչ միայն անցյալին, այլև ներկային և ապագային վերաբերող թեմաներով»,- իր խոսքում ընդգծել է համալսարանի ռեկտոր Իոան-Աուրել Պոպը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ բարձր է գնահատել Հայագիտության ինստիտուտի հիմնումը և նշել, որ ԵՊՀ կողմից կցուցաբերվի ամենայն աջակցություն հաստատության գործունեության ընթացքում:

Բացման արարողությունից առաջ տեղի է ունեցել Իոան-Աուրել Պոպի և Արամ Սիմոնյանի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվել են գործակցության պայմանագրեր կնքել Կլուժի և Երևանի համալսարաննների, ինչպես նաև Հայագիտության ինստիտուտների միջև:

Հայագիտության ինստիտուտը նստավայր կունենա նաև Գեռլայում` նախկին Արմենոպոլիս քաղաքում:

Բացմանը համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ մասնակցում էլ են նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:

Բաբեշ-Բոյայ համալսարանը համարվում է Ռումինիայի մեծ և հեղինակավոր բուհերից մեկը: Համալսարանի հետաքրքրությունը պայմանավորված է Տրանսիլվանիայում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության առկայությամբ: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջերում, հիմնել բնակավայրեր և մեծապես նպաստել այդ տարածքների տնտեսական զարգացմանը, արհեստների ու առևտրի խթանմանը, մշակույթի ու կրթության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին տեղական արխիվներում, գիտակրթական հաստատություններում, թանգարաններում և հայ կաթողիկե եկեղեցիների պահոցներում առկա են հարուստ նյութեր, հունգարերեն և ռումիներեն լեզուներով գրվել և գրվում են պատմական և գիտական ուսումնասիրություններ: Հայագիտության ինստիտուտի հիմնադրմամբ այդ աշխատանքներին տրվելու են առավել ծրագրային բնույթ և ուղղվածություն: