Փորձագետ. Ուղղաթիռի խոցումը Ղարաբաղում բացահայտ սադրանք է նաև Ռուսաստանի դեմ

Փորձագետ. Ուղղաթիռի խոցումը Ղարաբաղում բացահայտ սադրանք է նաև Ռուսաստանի դեմ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում զորավարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից ուղղաթիռի խոցումը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Ըստ Դենիս Դվորնիկովի, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: «Ընդ որում ռուսական բանակը ստիպված կլինի առնվազն պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպը կամ ադրբեջանական հրամանատարության անհավանական հիմարության վկայությունն է, կամ Հարավային Կովկասում իրավիճակը սրելու մտածված սադրանք»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է քայլերին, որ պետք է ձեռնարկի հայկական կողմն այս իրավիճակում, ապա ըստ ռուս փորձագետի, առաջին հերթին պետք է զուսպ լինել: «Անշուշտ, առաջին ցանկությունն, որ ի հայտ է գալիս, ագրեսորին Կասպից ծովի ցուրտ ջրերում խորտակելն է: Բայց հիմա, խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար, հարկավոր է այնպես անել, որ ռազմական իրավիճակը վերափոխվի դիվանագիտականի»,-ասել է Դվորնիկովը՝ նշելով, որ միջազգային ատյանների միջոցով մարդասպաններին պետք է պատասխանատվության կանչել:

Razm.info-ն սեփական աղբյուրներին հղումով գրում է, որ խոցվելու պահին ուղղաթիռն Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել և վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Ըստ Haqqin.az-ի, ուղղաթիռն ընկել է ադրբեջանական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքում և այրվել:

Facebook-ի իր էջում Դվորնիկովը նաև գրել է. «Անկաշկանդ զրույցի բռնվել ագրեսորի հետ, կնշանակի կորցնել հեղինակությունը: Քաղաքական գործիչները, որոնք դեռ չեն հասցրել կուլ տալ կասպից խավիարը, շարունակելով ձևացնել, թե մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ լավն են, գործում են միջազգային հանրության շահերի դեմ: Մենք մեծ հրդեհի շեմին ենք Հարավային Կովկասում: Ընդ որում նոր պատերազմը միանգամայն այլ է լինելու: Ոչ ոք զերծ չի մնա, այդ թվում նաև ՌԴ հյուսիսկովկասյան շրջանները: Հումանիտար աղետ, երեք պետությունների ենթակառուցվածքների ոչնչացում, հավանաբար, նույնիսկ Վրաստանի (սահմանամերձ գոտիներում): Իսկ Իրանի ու Թուրքիայի հավանական ներքաշումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը կվերածվի մեծ մսաղացի: Այդ հրդեհը կգրավի շատ այլ «գործընկերների» ևս: Դա՞ է Բաքվի ընկերների ուզածը»:

Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:Այսպիսով, ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---