17 նոյեմբերի 2014 - 13:19 AMT
ԼՂՀ նախագահը Կասպրշիկին. Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր և ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում և խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:

Բակո Սահակյանը կարևորել է միջազգային հանրության խիստ և հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան:

Միևնույն ժամանակ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ևս հանդիպել է դեսպան Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի` միջդիրքային գոտում կործանված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը վերջնականապես պարզելու և դրանից բխող մյուս գործընթացների իրականացման համար:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: