18 նոյեմբերի 2014 - 12:16 AMT
Թուրքիայի իշխող կուսակցության անդամ. ՀՀ հետ սահմանը բացելու մասին խոսք անգամ լինել չի կարող

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Մազհար Բաղլին:

Ըստ նրա, Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին վնասող քայլեր չի ձեռնարկի: «Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևան երկրների հետ, Անկարան միշտ սատարել է Ադրբեջանի շահերին և երբեք եղբայրական պետության դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել»,-ասել է Բաղլին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Անդրադառնալով Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիքոզի հայտարարությանն այն մասին, որ հարկավոր է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, Բաղլին ասել է, որ Թուրքիայում ամեն ոք տարբեր հարցերի շուրջ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի:

Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը 1995 թ. Արցախում ազատագրական պատերազմի տարիներին՝ սատարելով Ադրբեջանին: Այժմ սահմանը, ըստ ՌԴ հետ պայմանագրի, պաշտպանում են ռուս և հայ սահմանապահները համատեղ: Հայ-թուրքական սահմանը Եվրոպայի միակ փակ սահմանն է: