25  22.11.14 - Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին նվիրված տոնական միջոցառում

Նախարար. Հակառակորդի սադրանքներն անպատասխան չենք թողնի (թարմացված) (վիդեո)

Նախարար. Հակառակորդի սադրանքներն անպատասխան չենք թողնի (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունն առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի: Այս մասին նոյեմբերի 22-ին՝ Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի դուրս բերման գործողությունը։

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Պաշտպանության նախարարը նշել է, որ հակառակորդի կողմից կազմակերպված ծուղակն ամբողջովին ոչնչացվել է.

«Իհարկե, ցավալի երևույթ էր, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որն ուղղված է ուղղաթիռի զոհված անձնակազմի հարազատներին, մենք պետք է նաև հպարտանանք ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, որոնք իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը կատարել են»,- մեջբերում է «Երկիր»-ը:

Նա նշել է նաև, որ համապատասխան սադրանքների դեպքում միշտ էլ պատասխան գործողություններ են լինելու: «Ես միշտ ասում եմ, որ նման սադրանքների դեպքում մինիմում համարժեք պատասխաններ լինելու են: Այս պարագայում մենք առաջին գծում խստացնելու ենք մեր ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումերը, բայց դրանք ուղղված են լինելու այն մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձելու են խախտել հրադադարը: Մեզ մոտ ընդունված չէ կացնահարել, դավադրություններ կազմակերպել, պարզապես, մենք արժանի, մի քիչ էլ ավելի խիստ պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի» - եզրափակել է Օհանյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն էլ հայտարարել է, թե մինչև վերջին պահը փորձել են միջազգային կառույցների միջնորդությամբ ու բանակցությունների արդյունքում մոտենալ ուղղաթիռի խոցման վայրին, բայց Ադրբեջանը հրաժարվել է ցանկացած տիպի բանակցություններից: Ընդհակառակը, տեղանքը պահել է կրակի տակ.

«Մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների»,- նշել է նա:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է, որ հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին:

«Կատարողականությունը ուղղակի փայլուն է` հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել:

Մինչև այդ Բաքվում ակնարկել էին, թե զոհված օդաչուների մարմինները կվերադարձնեն, եթե հարկ համարեն:Ավելի ուշ ադրբեջանական կողմը խոսում էր նաև խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին։ Նախօրեին՝ նոյեմբերի 21-ին,ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բացառել էր ձերբակալված ու այժմ դատվող ադրբեջանցիների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի հետ:

Բացի այդ նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ և վերջինիսխնդրանքով ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն էլ, անդրադառնալով հատուկ գործողությանը, նշել է՝ հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու իրավունք ունի:

«Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, ունակ կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար»,- ասել է Մանվել Գրիգորյանը, մեջբերում է Tert.am-ը:

ԵԿՄ նախագահն ափսոսանք է հայտնել , որ միջազգային հանրության խաղաղարար, միջնորդական ջանքերը արդյունք չեն տալիս ու հավելել.

«Թող քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ համոզվի, որ թուրքի հետ միայն ուժի դիրքերից կարելի է խոսել, իսկ հայ ազգը, հայկական զինուժը միշտ էլ պատրաստ են դաս տալու: Եվ շնորհակալություն եմ հայտնում հատուկ օպերացիան իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Հատուկ շնորհակալություն Արցախի պաշտպանության բանակին»:

Դեպքից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, ականապատ տարածքում, ինչպես նաև կոչ արել կողմերին դադարեցնել վայրի գնդակոծությունը և նպաստել տարածքի ականազերծմանը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում կրակը, այլև թույլ չէր տվել ԵԱՀԿ ներկայացուցիչներին նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---