Ղրղզստանը 1,2 մլրդ դոլար կստանա Մոսկվայից ԵՏՄ-ին ինտեգրվելու համար

Ղրղզստանը 1,2 մլրդ դոլար կստանա Մոսկվայից ԵՏՄ-ին ինտեգրվելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է համաձայնագիրը Ղրղզստանի հետ եվրասիական ինտեգրման պայմաններում տնտեսական գործակցության զարգացման մասին: Նախատեսվում է, որ երկու տարվա ընթացքում այդ նպատակի համար կհատկացվի 1,2 մլրդ դոլար: Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, համաձայնագրի շրջանակում, մասնավորապես, կստեղծվի Ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամ:

Հիմնադրամի կապիտալը ձևավորվելու է տարբեր մասնաբաժիններով երկու տարվա ընթացքում հետևյալ պայմաններով. կանոնադրական կապիտալը կկազմի 500 մլն դոլար, իսկ փոխառված միջոցները ոչ պակաս քան 500 մլն դոլար: Բացի այդ, ռուսական կողմը երկու տարվա ընթացքում անհատույց 200 մլն դոլար կհատկացնի Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության համար «ճանապարհային քարտեզով» նախատեսված, ինչպես նաև իրականացման հետ կապված այլ միջոցառումների ֆինանսավորման համար:

Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցության զարգացում ագրոարդյունաբերական համալիրում, կարի, վերամշակման, լեռնահանքային և մետաղագործության արդյունաբերության ոլորտներում, բնակարանաշինության, առևտրի, ձեռներցության ու ենթակառուցվածքնրի զարգացման համար:

Բացի այդ, ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրղզստանի 493 մլն դոլարի պարտքը կարող է մարվել որպես վնասի փոխհատուցում չինական ապրանքների վերաարտահանման հնարավորությունների նվազման դիմաց: Լրացուցիչ 100 մլն դոլար Բիշքեկին կտրամադրի Ղազախստանը: Ընդ որում, Ղրղզստանի ՀՆԱ-ն կազմում է 6,5 մլրդ դոլար:

Ղրղզստանը մտադիր է ՄՄ և ԵՏՄ լիիրավ անդամ դառնալ 2015-ի հունվարի 1-ից: ԵՏՄ-ին հանրապետության միանալու մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 23-ին:

2013-ի սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանին մինչև 15 մլրդ ռուբլի (մոտ 450 մլն դոլար 2013 թ. սեպտեմբերի փոխարժեքով) ներդրումների խոստում տրվեց: Որպես առավել հավանական աղբյուր նշվում էր «Ռոսնեֆտը»: Ընկերությունը մի քանի ամիս քննարկում էր խոշոր՝ մինչև 400 մլն դոլար, ներդրումների հնարավորությունը Հայաստանում կաուչուկի արտադրության ոլորտում: Ենթադրվում էր արդյունաբերական նախկին գիգանտի ՝ «Նաիրիտի» արդիականացում և վերազինում, կամ նոր գործարանի կառուցում: Կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման մասին հուշագիրը ստորագրվեց 2013-ի դեկտեմբերին Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ: Սակայն դեռևս չկան ոչ ներդրումներ, ոչ էլ նորություններ կաուչուկի արտադրության նախագծի վերաբերյալ: Ավելին, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խոստովանեց, որ «Ռոսնեֆտն» անտեսում է իր գլխավորած նախարարության հարցումները և գործարանի վերագործարկման համար հարկավոր է այլ ներդրողների փնտրել: Այս պահի դրությամբ, Ռուսաստանը մտադիր է Հայաստանին տրամադրել 300 մլն դոլար ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքների նպատակով, որից 30 միլիոնն անհատույց, իսկ 270 միլիոնը որպես վարկ: 2013-ին որոշվեց նաև հրաժարվել արտահանման տուրքերից Հայաստանի համար նախատեսված էներգակիրների ու ալմաստների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---