Ռուսաստանը հրաժարվում է քվոտաներից. Միգրանտները կկարողանան աշխատել միայն պատենտով

Ռուսաստանը հրաժարվում է քվոտաներից. Միգրանտները կկարողանան աշխատել միայն պատենտով

PanARMENIAN.Net - 2015 թ. հունվարի 1-ից Ռուսաստանը հրաժարվում է միգրանտների համար նախատեսված քվոտաներից՝ այն երկրների քաղաքացիները, որոնց մուտքը ՌԴ թույլատրվում է առանց արտոնագրի, կկարողանան աշխատել պատենտով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչը:

«Պատենտը որպես ֆիզիկական անձանց մոտ աշխատելու թույլտվություն գործում է 2010 թ. հուլիսի 1-ից: 2015-ի հունվարի 1-ից պատենտի հիման վրա օտարերկրյա քաղաքացիները, որոնք օրինական են գտնվում ՌԴ տարածքում, կկարողանան աշխատել ինչպես ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ»,-ասել է Տեմրյակովիչը:

Ըստ նրա, այդ քաղաքացիները երկիր ժամանելուց 30 օրվա ընթացքում պետք է դիմեն ԴՄԾ պատենտ ստանալու համար:

Տեմրյակովիչը հայտնել է, որ պատենտը տրվելու է անձը հաստատող փաստաթղթի, միգրացիոն քվոտայի, որտեղ ՌԴ այցելության նպատակը նշված է որպես «աշխատանք», բժշկական փոլիսի, ինֆեկցիոն հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի, ռուսաց լեզվին տիրապետելու և Ռուսաստանի պատմության և օրենսդրության իմացության հավաստագրի հիման վրա: Բացի այդ, միգրանտը պարտավոր կլինի հանձնել մատնահետքերն ու լուսանկարվել:

Ինչպես ասել է Տեմրյակովիչը, այդպիսի պատենտը կտրվի 1-12 ամիս ժամկետով, այն ևս 12 ամսով երկարացնելու հնարավորությամբ, հայտնում է «Ունիանը»:

Մինչդեռ, Մոսկվայի Քաղաքային դումայի պատգամավորները հաստատել են փոփոխությունները համապատասխան օրենքում, որի համաձայն աշխատանքային պատենտի արժեքը աշխատանքային միգրանտների համար 1300 ռուբլու փոխարեն կկազմի 4000 ռուբլի:

Օրենքի օգտին է քվեարկել 35 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: 4000 ռուբլի գումարը հաշվարկվել է, ելնելով միջին աշխատավարձի չափից այն ոլորտներում, որտեղ սովորաբար աշխատում են աշխատանքային ներգաղթյալները, որը հասնում է մոտ 44 հազար ռուբլու:

Ինչպես պատմել է տնտեսական քաղաքականության ու զարգացման գծով դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը, Մոսկվան ու մերձակա շրջանները կարող են ինքնուրույն հաստատել պատենտի գինը, բացի այդ, կարող են արգելել պատենտի տրամադրում անբարենպաստ տնտեսական իրավիճակի դեպքում:

Ռեշետնիկովը նաև հայտարարել է, որ Մոսկվայի շրջանում պատենտի արժեքը հավասար կլինի մոսկովյանի արժեքին՝ 4000 ռուբլի: 2014-ին Մոսկվայում վաճառվել է մոտ 700 000 պատենտ, և, ըստ դեպարտամենտի ղեկավարի գնահատականի, հաջորդ տարի նրանք կկարողանան 12 մլրդ ռուբլի մուտքագրել քաղաքային բյուջե, գրում է «Կուրս.ռու»-ն:

«Պատենտների տրամադրման դադարեցման մասին որոշում կարող են կայացնել ոչ միայն դաշնային գործադիր մարմինները, այլ նաև ԴՄԾ-ն նահանգապետների հիմնավորված դիմումի հիման վրա: Նման նախաձեռնությամբ ռեգիոնների ղեկավարները կարող են հանդես գալ, գնահատելով օտարերկրացիների քանակը իրենց տարածքում, հաշվի առնելով այն բեռը, որ նրանք ստեղծում են ենթակառուցվածքների համար»,-պարզաբանել է ՌԴ ԴՄԾ օրենսդիր գործունեության վարչության պետ Ելենա Պրոշինան:

Նա ասել է, որ նման որոշում կարող է կայացնել ՌԴ կառավարությունը աշխատանքի նախարարության ներկայացմամբ: Ինչպես ասել է Դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, ապագայում միգրանտները կհանձնեն մատնահետքերը, նաև այն դեպքում, եթե Ռուսաստան են ժամանել առանց մուտքի արտոնագրի: Պատենտ ստանալու համար օտարերկրացիները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, բուժապահովագրության համար վճարեն և ռուսաց լեզվի քննություն հանձնեն:

ՌԴ ԴՄԾ տվյալներով, 2014-ի մայիսին Ռուսաստանում էր գտնվում ՀՀ 502 994 քաղաքացի: 2013-ին ՌԴ-ում է եղել Հայաստանի 677հազար քաղաքացի: ՀՀ քաղաքացիները հատկապես մեծաթիվ են Մոսկվայում, Վլադիկավկազում և Կրասնոդարի երկրամասում:

Ինչպես հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, Ռուսաստանի համապատասխան նախարարությունները համաձայնեցրել են մի փաստաթուղթ, որով ՌԴ-ում աշխատող Հայաստանի քաղաքացիների իրավունքները կհավասարեցվեն այդ երկրի քաղաքացիների իրավունքներին: Դա նշանակում է, որ Հայաստանի աշխատանքային միգրանտները հնարավորություն կստանան օգտվել մի շարք արտոնություններից իրենց երեխաների համար` մանկապարտեզ, դպրոց, ինչպես նաև սոցիալական ապահովության փաթեթից, որի մեջ մտնում է նաև առաջին բժշկական օգնությունը:

Արդեն իսկ համաձայնեցված փաստաթղթերով, ՀՀ քաղաքացիներն արդեն ` ՌԴ, Ղազախստանի, Բելարուսի քաղաքացիների հետ հավասար հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների և այսպես կոչված «պատենտների» աշխատել այն նույն պայմաններով, ինչպես նշված երկրների քաղաքացիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---