Կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրծած վարկային ծրագրերը. Ընդհանուր արժեքը` $90 մլն

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրծած վարկային ծրագրերը. Ընդհանուր արժեքը` $90 մլն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 27-ի նիստում հաստատել է 2014-ի օգոստոսի 6-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային երկու համաձայնագիրը` «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար»` $40 մլն, և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» $50 մլն:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ վարկը վերցնում են 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից»,- ասել է նա` հավելելով, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2014-ին, իսկ ավարտը` 2018-ի դեկտեմբերի 31-ին: Նպատակն է էլեկտրահաղորդման համակարգի հիմնական նյութական բազայի վերակառուցման կամ փոխարինման միջոցով ավելացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունն ու հզորությունը:

Վարկային 2-րդ ծրագիրն անհրաժեշտ է առևտրի խթանման համար:

«Ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումը և մասնավոր ներդրումների և արտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը»,-մանրամասնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, մեջբերում է Tert.am-ը:

Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: ՀՀ և Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ: Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:

ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը: Ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---