Արցախի նախագահ. Կալիֆոռնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը շոշափելի հաղթանակ է

Արցախի նախագահ. Կալիֆոռնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը շոշափելի հաղթանակ է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ նա ԼՂՀ պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար:

Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆոռնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Բակո Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության և մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ:

Օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Բացի այդ, բանաձևը կոչ է անում Սպիտակ տանն ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու անկախությանը:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու ճանաչման բուն գործընթացը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուկեն ու Գի Տեսիեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---