ԱԺ-ն ընդունել է հղիության արձակուրդի մասին վիճահարույց օրինագիծը. Ընդդիմադիրները չեն քվեարկել

ԱԺ-ն ընդունել է հղիության արձակուրդի մասին վիճահարույց օրինագիծը. Ընդդիմադիրները չեն քվեարկել

PanARMENIAN.Net - ԱԺ-ն դեկտեմբերի 1-ին ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Մինչև քվեարկությունը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արել նրանց, ովքեր դեմ են, նույնպես չմասնակցել քվեարկությանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից խոսել է Նաիրա Զոհրաբյանը` նշելով` նախագիծը լրջագույն քննարկումների կարիք ունի և ռիսկեր է պարունակում.

«Նորից եմ կրկնում, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչև որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշել է, որ նախագիծն առաջարկվել է հենց այդ մատնանշված նեգատիվ երևույթները վերացնելու և նաև չաշխատող մայրերին նպաստ տալու համար:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հավելել է, որ Զոհրաբյանի դիտարկումը ոչ ճիշտ է, քանի որ այս նախագծով նրանք այլևս այդ գումարները չեն ստանա: Ավելին, ըստ նրա, բոլոր մայրերը, ում աշխատավարձը չի գերազանցում 1 մլն-ը, 100%-ով փոխհատուցում կստանան, իսկ այն մայրերը, որոնք չեն աշխատում, կստանան հղիության լրացուցիչ վճարներ :

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատել է, որ նույնպես դեմ են, քանի որ 1 մլն-ից ավելի աշխատավարձ ստացողների խնդիրը դրվում է գործատուի վրա. «Այստեղ գործատուներ կան, լրացուցիչ գումարը ձեր ուսերին են դնում»,- մեջբերում է Tert.am-ը:

Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ին փակ նիստ է անցկացրել, որտեղ ներկայացվել է«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի նոր տարբերակը: Դրան մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով:

«Համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարությունը ներկայացրել է օրինագծի նոր տարբերակ, որը տալիս է հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Աշխատող հղի կանանց խնդիրը կարգավորվել է. վճարումները կլինեն 100%-ով: Նաև կարողացանք պահպանել չաշխատող հղի կանանց վարձատրության հարցը»,- հայտարարել է նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ աշխատավարձի շեմ են սահմանել՝ 1 մլն դրամ:

Մինչև այդ շեմն աշխատավարձ ստացողները 100%-ով կստանան իրենց նպաստը:

«Սա կազմում է մոտավորապես 4,6 միլիոն: Նման աշխատողները Հայաստանում 110.000 են: Մնում է 400 հոգու խնդիրը, որոնք 1 միլիոնից բարձր են ստանում: Այս խմբի համար կլինի այլ մոտեցում, փոխհատուցումը կանի գործատուն: Սա ընդունելի տարբերակ է, գործատուն կարող է մտածել, որ իր բեռը ծանրանում է, բայց գործատուն պիտի շահագրգռված լինի նպաստել ծննդաբերության ավելացմանը: Իսկ չաշխատող մայրերի համար աշխատավարձի 50%-ը կփոխհատուցվի, թիվը քննարկելի է, բայց նախնական այդպես որոշեցինք»,- ասել է նա:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---