Նազարբաևն ու Օլանդը քննարկել են ԵՄ-ԵՏՄ երկխոսության հեռանկարները

Նազարբաևն ու Օլանդը քննարկել են ԵՄ-ԵՏՄ երկխոսության հեռանկարները

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև երկխոսության հաստատման հնարավորությունը:

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է Ղազախստան, տեղի են ունեցել նախագահների բանակցությունները նեղ և ընդլայնված կազմով:

«Բովանդակալից երկխոսություն ծավալվեց միջազգային հարցերի շուրջ, որոնք առնչվում են տարածաշրջանային իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեզ մոտ և մեր շուրջ, և Մերձավոր Արևելքը, և Ռուսաստանի ու Եվրոպայի պատժամիջոցային դիմակայությունը, և Ուկրաինայի հարցը»,-ասել է Նազարբաևը համատեղ հայտարարության ժամանակ:

«Մենք քննարկեցինք ընթացիկ իրավիճակը: Կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ֆրանսիայի հետ համագործակցության վերաբերյալ: Քննարկվել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության հաստատման հնարավորությունը: Մենք նաև ճշտել ենք մեր մոտեցումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այստեղ մենք Ֆրանսիայի նախագահի հետ համակարծիք էինք: Մենք կցանկանայինք, որ շփման եզրեր գտնվեին ճգնաժամի հաղթահարման համար, որը ոչ մի օգուտ չի տալիս, վատթարացնում է միջազգային իրավիճակն ու վատ է ազդում ոչ միայն Եվրոպայի ու Ասիայի, այլ նաև ամբողջ աշխարհի տնտեսության վրա,-ասել է Նազարբաևը, գրում է Newskaz.ru-ն:

«Մենք կարծում ենք, որ հնարավոր է փոխզիջման գալ: Ես պատրաստ եմ այդ գործին բերել Ղազախստանի նպաստը և Ֆրանսիայի նախագահը սատարում է մեր ջանքերին»,-եզրափակել է Նազարբաևը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

Photo: Today.kz
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---