5 դեկտեմբերի 2014 - 20:28 AMT
Նալբանդյանը Լավրովին ներկայացրել է ուղղաթիռի խոցման արդյունքում լարված իրավիճակը

Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Ռուսաստանցի գործընկերոջ հետ նախարար Նալբանդյանը քննարկել է երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր։ Երկու նախարարն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 4-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի` ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացմանը:

Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՀՀ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ էր քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ էին մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը ստորագրվել էր Մինսկում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը։

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտմամբ խոցել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Նոյեմբերի 22-ին պարզվել էր, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմից դիերն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: