Ավտոմեքենաների գազալիցքավորման գինը թանկացել է. ՀԾԿՀ-ում չգիտեն` ինչու

Ավտոմեքենաների գազալիցքավորման գինը թանկացել է. ՀԾԿՀ-ում չգիտեն` ինչու

PanARMENIAN.Net - Երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններոմ 1խմ գազը արժեր 170-200 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200-230 դրամ:

«Հայկական ժամանակը» գրում է, որ կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա:

Միևնույն ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել է, որ գազի սակագինը բարձրացնելու հայտ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս չեն ստացել։

Հարցին, թե հնարավոր համարում է գազի սակագնի բարձրացումը՝ դոլարի հաշվարկից ելնելով, Ռոբերտ Նազարյանը պատասխանել է, թե այս պահին դժվարանում է ասել, որովհետև հայտ չունեն «Գազպրոմ Արմենիայից», գրում է Tert.am-ը ։

Դիտարկմանը, թե սակագնի վերջին բարձրացումից հետո հայտարարվել է (այդ թվում նաև Նազարյանի կողմից), որ առաջիկա 5 տարում գազի գինը չի բարձրանա, Ռոբերտ Նազարյանը հակադարձել է.

«Այո՛, ես հայտարարել էի, որ գազի թանկացում չի լինելու և պնդում եմ, բայց այս պահին ես դժվարանում եմ ասել, թե ինչու է գազի գինը թանկացել գազալցակայաններում»։

«Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեկբերի 9-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀԾԿՀ՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով: Գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Ընկերությունն էլ Ռուսաստանից գազը գնում է դոլարով:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, թե գազալցակայաններում գազի գինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում. «Դա մեր խնդիրը չէ և մեր գործառույթների մեջ չի մտնում»։

Իսկ կոնկրետ սպառողին հասնող գնի հետ կապված, ըստ նրա, ավելի ճիշտ է Կառավարության պատասխանին սպասել։

Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների և այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով:

Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը։

Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը: Դեկտեմբերի 10-ին անդրադառնալով խնդրին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հորդորել է չուղղորդվել շրջանառվող խոսակցություններով. «Խոսակցություններով եկեք չուղղորդվենք»,- ասել է նա:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն էլ ավելի վաղ հայտարարել է, թե գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

«Ճիշտ է, ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողով»,- ասել է նա: Շուշան Սարդարյանի խոսքով՝ այժմբնական գազի գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն:

«Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրված գործընթացներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվելու խնդիր ունի՝ կապված ներդրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումների հետ»- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---