WTI տեսակի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում դեկտեմբերի 11-ին էժանացել է 0,99 դոլարով (1,6 տոկոս): Այդ տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները 2015-ին սակարկությունների ավարտին կնքվում էին մեկ բարելի դիմաց 59,95 դոլար գնով: Շաբաթվա սկզբից WTI տեսակի նավթն էժանացել է գրեթե 10 տոկոսով:
Brent տեսակի նավթի գինը հասել է նվազագույն ցուցանիշի վերջին 5 տարում՝ կորցնելով 8 տոկոս շաբաթվա սկզբից: Մոսկվայի ժամանակով 8.47-ին Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,09 դոլարով՝ հասնելով 63,59 դոլարի մեկ բարելի համար:
Հունիսի վերջից նավթն էժանացել է արդեն 44 տոկոսով ԱՄՆ-ում ու Լիբիայում արդյունահանման աճի և արդյունահանման քվոտաները չկրճատելու ՕՊԵԿ որոշման ֆոնին: Բացի այդ, նավթի էժանացմանը նպաստում են Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում տնտեսական աճի դանդաղեցման տեմպերի մասին հաղորդագրությունները:
Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:
Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:
Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: