16 դեկտեմբերի 2014 - 15:34 AMT
Ադրբեջանի բյուջեն մոտ 2,5 մլրդ դոլար է կորցրել նավթի էժանացման պատճառով

Նավթի յուրաքանչյուր էժանացումը 10 դոլարով նվազեցնում է Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 256 մլն մանաթով (մոտ 328 մլն դոլար):

Այդ մասին, ինչպես գրում է Vesti.az-ը, հայտնել է միլի մեջլիսի պատգամավոր, տնտեսության գծով խորհրդարանական կոմիտեի անդամ Վահիդ Ահմեդովը: Նա նշել է, որ նույնիսկ նավթի այս գնանկման պայմաններում երկրի բյուջեն «ընդամենը» 2 մլրդ մանաթ է կորցնում (մոտ 2,57 մլրդ դոլար):

«Դա այնքան էլ մեծ գումար չէ, որպեսզի վախենանք պետբյուջեի համալրման համար կամ ինչ-ինչ սոցիալ-տնտեսական ցնցումներ կանախտեսենք երկրում եկող տարում»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ խնդիրներ կունենա Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը, որին պատկանում է նավթի վաճառքից ստացվող հիմնական շահույթը, և որի հաշվին է իրականացվում բազմաթիվ նախագծերի ֆինանսավորումն ու ենթակառուցվածքների ստեղծումը: «Սակայն նման հարց կարող է առաջանալ միայն 2015-ի կեսին»,-ասել է նա:

Պատգամավորը նշել է նաև, որ նավթի գինը բյուջեում ամրագրված է 90 դոլարի նիշով, թեև կար առաջարկ բյուջեում ամրագրել 70-80 դոլար նիշը: «Սակայն, կառավարությունը հավաստիացրեց, որ ոչ մի խնդիր չի լինի»:

Նավթի համաշխարհային գների անկումը Ադրբեջանի միակ խնդիրը չէ: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով: 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց:

Ընթերցեք նաև. British Pertoleum-ը զանգվածային կրճատումներ է սկսում Ադրբեջանում