Դրամն արժևորվում է. $1-ը արդեն կարելի է մանրել 450-520 դրամով

Դրամն արժևորվում է. $1-ը արդեն կարելի է մանրել 450-520 դրամով

PanARMENIAN.Net - Վերջին երեք շաբաթվա մեջ առաջին անգամ դրամն արժևորվում է. արտարժույթի փոխարժեքը սրընթաց ընկնում է: Դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 450 դրամ է, առավելագույնը՝ 520, վաճառքի նվազագույն արժեքը 510 դրամ է, առավելագույնը` 550: Միջին փոխարժեքն է 494` առքի և 529,95 դրամ վաճառքի դեպքում: Դեկտեմբերի 17-ի համեմատ դրամն արժևորվել է 8.39 կետով առքի և 2.84 կետով վաճառքի դեպքում:

Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7 դրամ, վաճառքինը՝ 8,40 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,65 դրամ է, վաճառքինը՝ 10,19:

1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 643, առավելագույնը՝ 710 դրամով, իսկ գնում 550-ից 640 դրամով: Նախորդ օրվա համեմատ փոխարժեքը նվազել է համապատասխանաբար 10,85 և 13,10 կետով:

Դեկտեմբերի 17-ի համար ԿԲ-ն$1-ի դիմաց սահմանել է 527,20 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է միանգամից 36.86 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 656,94 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 42,74 կետով: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել 0.24 կետով՝ 7,46 դրամ:

Նախօրեին մինչև ուշ գիշեր Ազգային ժողովը դռնփակ նիստում քննարկել է Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը։ Առանց ընդմիջումների` ուղիղ 6 ժամ ընթացող նիստի ժամանակ միայն Կենտրոնական բանկի նախագահին պատգամավորները մոտ 40 հարց են ուղղել։ Նոր դրամ շրջանառության մեջ դնելու հարց չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակն դուրս է վերահսկողությունից՝ խանութներ են փակվում, գնաճը անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանն ասել է. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է անկախատեսելի: Հիմա Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեսզի կայունացնեն իրավիճակը», մեջբերում է Panorama.am-ը:

Նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և պետք է տարանջատել ու փակել սողանցքները՝ արհեստական և սուբյեկտիվ պատճառները, որպեզի կարողնան լուծման հասնել: Իսկ թե ինչու մինչ այժմ չեն արվել հարցին ի պատասխան նախարարն ասել է, որ արժեզրկումը շատ արագ կատարվեց, իսկ դրանից հետ գալը բարդ պրոցես է և դրանից կախված հանգամանքները պետք է աստիճանաբար լինեն: Նախարարը նշել է, որ պետք է համատեղ ջանքերով ստեղծված իրավիճակից դուրս գալ, հարցը քննարկվում է Կառավարությունում ամենօրյա ռեժիմով, բայց կառավարությունն այստեղ այդքան շատ գործիքներ չունի: «Այժմ Կենտրոնական բանկը գնահատում է պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը, և հետո խնդիրների լուծման ճանապարհով պետք է կայունացնել իրավիճակը»,- ասել է Խաչատրյանը:

Նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ մանրամասն քննարկել են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը:

«Կարծում եմ` նման քննարկումները պիտի շարունակել, առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն նաև Կառավարությունում և բոլոր լիազոր մարմիններում: Հանգամանք կառաջանա, որպեսզի կոնկրետ միջոցառումների ճանապարհային քարտեզն ավելի հստակեցվի, այսինքն` և՛ Կենտրոնական բանկը, և՛ Կառավարությունը այն անհրաժեշտ գործիքները, որոնք հնարավոր կդարձնեն մեղմել իրավիճակը, կարծում եմ, առաջիկայում ակնհայտ կլինի», - հայտարարել է ԱԺ նախագահը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրագրողներից մեկի հարցին` քննարկվե՞լ է արդյոք ապրանքների թանկացման, որոշ խանութների` փակ լինելու հարցը, Գալուստ Սահակյանն արձագանքել է. - «Խուճապի հետևանք է: Կարծում եմ՝ այստեղ և՛ Ազգային ժողովը դերակատարություն ունի, և՛ Կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը: Մենք պիտի ժողովրդին մեր խոսքն ասենք, և այդ խոսքն այնքան ճշմարիտ պիտի լինի, որ ազդեցություններն այնքան մեծանան, որ խուճապը, նախևառաջ, վերանա, որովհետև նույնիսկ սովորական քաղաքացին փորձում է անընդհատ դոլարը փոխանակել դրամով, դրամը դոլարով, սա խուճապի հետևանք է»:

Խորհրդարանի նախագահը նաև նշել է, որ մինչև տարեվերջ բավականին լուրջ զսպվածություն կառաջանա այս ուղղությամբ, ինչը նախևառաջ կապված է նավթի գների բարձրացման հետ, «որը ակնհայտ է»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---