ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի քննարկումը հետաձգվել է

ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի քննարկումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախարարների կաբինետը հետաձգել է ԵՏՄ-ին երկրի անդամակցության մասին պայմանագրի նախագծի քննարկումը:

Այնուամենայնիվ, ըստ վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի, բանակցությունները ինտեգրացիոն միավորմանն անդամակցելու շուրջ շարունակվում են: Թե ինչու պատրաստ չէ ռազմավարական փաստաթուղթը, նա չի նշել, գրում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է իրավական բազայի ներդաշնակեցման համար ԵՏՄ-ին անդամակցելիս: ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը նախատեսվում էր ստորագրել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ մինչ նշված ժամկետը չի հաջողվի ստորագրել պայմանագիրը, ինչն առիթ տվեց ենթադրելու, որ միությանն անդամակցելու ժամկետը չի պահպանվի:

Այնուամենայնիվ Ղրղզստանի նախագահ Ասլանբեկ Ատամբաևը հայտարարեց, որ երկիրը կարող է բեկման հասնել միայն ԵՏՄ հետ, «ԵՏՄ երկրները ոչ միայն մեր տնտեսական գործընկերներն են, այլ նաև, առաջին հերթին, ոգով մոտ են մեզ: Մենք ընդհանուր պատմություն ունենք, և վստահ եմ, նաև ընդհանուր ապագա: Մենք պարտավոր ենք գլուխներս բարձր միանալ Միությանը հենց այժմ, որպեսզի հավասար իրավունքներ ունենանք ինտեգրման մյուս մասնակիցների հետ: Մեր երկիրն այլ ելք չունի»,-ասել է նա «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում:

Նա հայտարարել է նաև, որ ԵՏՄ-ին անդամակցելու առավելությունները շատ ավելին են, քան թերի կողմերը:

Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցությունից կստանա ՌԴ-ից 500 մլն դոլար դրամաշնորհ, ևս 500 մլն դոլար վարկ, 100 մլն դոլար՝ օրենսդրական բազայի փոփոխման համար: 100 մլն դոլար երկիրը կստանա Ղազախստանից: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը միացավ հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերին պայմանագիրը վավերացրեցին չորս երկրների խորհրդարանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---