Ձերբակալված ադրբեջանցի լրագրողի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում

Ձերբակալված ադրբեջանցի լրագրողի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում

PanARMENIAN.Net - Շվեյցարական Ցյուրիխի դատարանը քննել է կալանավորված հայտնի ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը:

Դատարանը լսել է Ադելյա Բաբախանովային և լրագրողի ավագ դստեր Սուադին, քննել է փաստաթղթերը, որոնք Շվեյցարիայի համապատասխան կառույցներին են տրամադրել միջազգայնի իրավապաշտպան կազմակերպությունները:

Դեկտեմբերի 20-ին ընտանիքը պաշտոնապես իրազեկվել է, որ լրագրողի տիկնոջն ու երկու երեխաներին քաղաքական ապաստան է տրվում, հայտնում է Haqqin.az-ը:

Ռաուֆ Միրկադիրովը ընդդիմադիր մեկնաբան է, արտաքսվել է Թուրքիայից և ձերբակալվել 2014-ի ամռանը: Նրան հօգուտ Հայաստանի լրտեսելու մեղադրանք է ներկայացվել: Մի շարք միջազգային կազմակերպություններ և ընդդիմադիր լրագրողներ մեղադրանքներն անհեթեթ են համարել, պատճառը համարելով Միրկադիրովի մասնագիտական գործունեությունը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---