Հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կկազմի 16.000 դրամ

Հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կկազմի 16.000 դրամ

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաև «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը:

Աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին տասը տարվա համար՝ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ: 2015-ի հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից՝ 16 հազար դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014-ի մոտ 36 հազար դրամի փոխարեն 2015-ին կկազմի մոտ 41 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշման մեջ, որով սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը, կատարել է փոփոխություններ: Որոշմամբ հստակեցվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստի չափը: Բացի այդ, նպաստի չափերը սահմանվել են՝ ծերության նպաստ՝ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 19 հազար 600 դրամի փոխարեն՝ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար 800 դրամի փոխարեն՝ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքում՝ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ:

Հաջորդ որոշման փոփոխությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ:

Վերջին անգամ կենսաթոշակները բարձրացել էին 2014-ի հունվարի 1-ին: 2013-ի դեկտեմբերի 26-ին կառավարությունը հիմնական կենսաթոշակի չափը սահմանել էր 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կազմել է մոտ 36 հազար դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---