Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինված միջադեպերի առնչությամբ և կոչ են անում կողմերին բանակցությունների միջոցով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հունվարի 5-ին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերը:
«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումների, ինչպես նաև զոհերի մասին հաղորդագրություններով: Այս միջադեպերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությանը»,- ասել է Փսակին:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբում համանախագահող երկիր, «շարունակում է կոչ անել երկու կողմին բանակցություններ վարել, որոնք կբերեն խաղաղության համաձայնագրի, և միջոցներ ձեռնարկել շփման գծի և սահմանի երկայնքով նման դեպքերի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ»:
«Դա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում 2015-ի առաջին գրառումն է արել՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա նշել է, որ 2015-ը պետք է լինի խաղաղության տարի:
«2015-ը ԼՂ հարցումպետք է լինիխաղաղության և տևական համաձայնագրի տարի: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»,- գրել է նա:
Հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:
Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Հայաստանի արտգործնախարարությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում 2 դիվերսիոն հարձակման փորձը, որոնց հետևանքով մարդկային կորուստներ կան։
Կարդացեք նաև՝ ՊԲ պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Հակառակորդն առնվազն 3 զինծառայող է կորցրել