12 հունվարի 2015 - 14:47 AMT
Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. ՊՆ ղեկավարի 7 կետանոց հրամանը

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ 2014-ի ուսումնական տարին լարված էր: Միևնույն ժամանակ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին:

«Սա զինված ուժերի հրամանատարների պատասխանատու աշխատանքի արդյունք է, ու շնորհակալ եմ, որ հետամուտ են եղել աշխատանքին: Սահմանին ենք մենք ունեցել լարվածություն, և այս ամենը չէր կարող չանդրադառնալ զինվորների մարտական ոգու, ստորաբաժանումների ընդհանուր բարոյահոգեբանական մակարդակի, զինվոր–հրամանատար հարաբերությունների վրա: Բոլորս էլ գիտենք որ 2014-ի հունվարին, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռի խոցումը: Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը։ Նաև ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք»,-թվել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը 2014-ի լավագույն զորամիավորում է հայտարարել 3-րդ բանակային կորպուսը, 1-ին գծի զորամասերից` 4-րդ պաշտպանական շրջանը, որը հուլիս-օգոստոսյան ամիսներին ամենախիստ ձևով պատժեց հակառակորդին, Նոյեմբերյանի զորամասը, որը որ հենց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հետախուզադիվերսիոն գործողություններ է կատարել ու պատժել է հակառակորդին:

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Արծրուն Հովհաննիսյանն հայտնել է, որ Տավուշում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողություններից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դին:

Սեյրան Օհանյանը խոսել է նաև բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորության մասին և ընդգծել, որ երբ ժողովուրդն ու բանակը միահամուռ են, նրանք անպարտելի են:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում պետք է ամուր հիմքի վրա դրվի, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա` ինքը անձնավորություն է և իրեն բանակում օգտագործում են ոչ թե որպես ռեսուրս, այլ մի այնպիսի անձնավորություն, որի աշխատանքը մարտունակության համար կարևոր է»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2015-ի ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրն է մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք և արդյունավետ կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումն արտաքին ագրեսիայից, զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:

«Ղեկավարվելու ենք պաշտպանության ռազմավարական վերանայման պլանավորման նկատառումներով` ղեկավարման համակարգում միջոցառումների` սպայական կարգով վերևից ներքև լիարժեք փոխանցման, յուրաքանչյուր օղակում միմյանց փոխլրացման, ռեսուրսների բազմապատկման, անձնական պատասխանատվության, առավելապես ինքնուրույն վերջնական արդյունքի հասնելու սկզբունքով, հրամանատարներին պարտավորեցնելով թույլ օղակների հայտնաբերման, դրանց հետևողական և խստորեն վերահսկման, մեթոդապես ճիշտ օգնության և որոշ խախտումների նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերմամբ»,-ասել Սեյրան Օհանյանը` շարունակելով թվել մյուս նպատակները. հասնել ՀՀ զինված ուժերում խնդիրների արդյունավետ կատարմանը, փողոցային, ոչ կանոնակարգային հարաբերությունների, բանակում կաշառակերության արմատախիլ անելուն և փոխադարձ զիջողականության մթնոլորտի հաստատմանն ու ամրապնդմանը:

Խորհրդակցության վերջում նախարարը պարգևատրել է մի շարք զինվորականների ու ՏԻՄ ղեկավարների: