Վալերի Պերմյակովն առաջին ցուցմունքն է տվել. Քննարկվում է քրգործը հայկական կողմին հանձնելու հարցը (թարմացված)

Վալերի Պերմյակովն առաջին ցուցմունքն է տվել. Քննարկվում է քրգործը հայկական կողմին հանձնելու հարցը (թարմացված)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանելու և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ռուս սահմանապահներից կողմից հայտնաբերվելուց հետո գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, գրում է Tert.am-ը:

«Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները, կատարվել են անհրաժեշտ առաջին քննչական գործողությունները կասկածյալի մասնակցությամբ, նա հարցաքննվել է, համատեղ կատարվել են քննչական գործողություններ: Հարցաքննությանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Կասկածյալը ցուցմունք է տվել զորամասը լքելուց հետո դեպքերի զարգացման վերաբերյալ»,- ասել է Սոնա Տռուզյանը:

Միևնույն ժամանակ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, ու Պերմյակովն ընդունել է իր կատարած հանցանքը։ Պողոսյանի փոխանցմամբ, իր ցուցմունքում ռուս զինվորականն ասել է, թե ռազմաբազան լքել է քաղաքում զբոսնելու պատրվակով և հայտնվել է Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի ներկայության հետ կապված Հայաստանի իրավասության և փոխադարձ իրավական օգնության մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ռուսական ռազմաբազայի անդամների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարած հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքերում կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործը վարում են ՀՀ իրավասու մարմինները:

Քրեական իրավունքի մասնագետների դիտարկմամբ՝ եթե հանցագործության մեջ կասկածվողին հայտնաբերեին ՀՀ իրավապահները, ապա քննչական գործողությունները պետք է վարեին Հայաստանի իրավապահները. նա Ռուսաստանի քաղաքացի է, որի հանդեպ հարուցված է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դասալքության և սպանության կասկածանքով:

Հայաստանի և ՌԴ գլխավոր դատախազությունները բանակցություններ են վարում կասկածյալին դատավարության հարցի և ընթացակարգային այլ հարցերի շուրջ: Ռուսաստանի դատախազության հետ քննարկվում է վերոնշյալ քրեական գործը հայկական կողմին հանձնելու հարցը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին հանդիպել է ՌԴպաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀպաշտպանության նախարարին է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտմանուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Մասնավորապես, բանակի գեներալ Բախինը տեղեկացրել է շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակում:

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է շարունակել համադրված աշխատանքը երկու պետության պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ավետիսյանների 6 ամսական փոքրիկին, ապա նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ: Այս մասին հայտնել է Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Նրա փոխանցմամբ երեխայի վիճակը գիշերը եղել է կայուն ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում, կենսական բոլոր ֆունկցիաները նորմալ են ընթանում, գրում է «Հայկական ժամանակը»:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի՝ 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, կոշիկներ։

Դրանք պատկանում են Պերմյակով ազգանունով անձին, որը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները։

Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել ժամը 03։05-ի սահմաններում, մահվան պատճառ են դարձել հրազենից արձակված կրակոցները։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կարդացեք նաև՝ Գյումրիում ընտանիքի սպանության կասկածյալին հայտնաբերել են Թուրքիայի հետ սահմանին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---