Այսօր` հունվարի 19-ին, լրանում է պոլսահակ գրող, լրագրող Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության Շիշլիի մասնաճյուղը քայլերթ է կազմակերպել, տեղեկացնում է «Ակօս»-ը:
Նրանք պնդել են, որ օրեր առաջ ձերբակալված Ջիզրեի ոստիկանապետը կապ ունի Դինքի սպանության հետ, և նշել, որ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի և տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են:
Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսել «Էրգենեկոնի» փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու համար: Նրանք նաև փողոցում «Հրանտ Դինքի փողոց» գրությունն են փակցրել:
Ստորագրահավաքը շարունակվելու է մինչև Հայոց ցեղասպանության մեկնարկի օրը համարվող ապրիլի 24-ը:
«Առերեսվե՛ք Հրանտի հետ, Ցեղասպանությանը» պաստառը պարզած մոտ 50 մարդ քայլերթի ընթացքում տարբեր կարգախոսներով է հանդես եկել՝ մասնավորապես՝ «Քուրդ, թուրք, հայ. կեցցե՛ ազգերի եղբայրությունը», «Մեր եղբայրն ես, Հրա՛նտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» և այլն:
Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ նրա գերեզմանին են այցելել հարազատներն ու նրան գնահատողները: Հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով հիշեցրել է, որ Դինքը սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին:
Նա հիշեցրել է, որ 3-5 «գործիքից» բացի, սպանության իրական կազմակերպիչները չեն բացահայտվել, գրում է Tert.am-ը:
2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:
Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:
Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: