Գյումրիի դեպքը. 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չի հաջողվել

Գյումրիի դեպքը. 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չի հաջողվել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին՝ ժամը 17:02-ին, 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:Չնայած տեղի և արտերկրի մասնագետների ձեռնարկած վերակենդանացման շարունակական անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չի հաջողվել, զարգացել է սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. արդյունքում անդառնալի փոփոխությունները հանգեցրել են մահվան:

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` նախօրեին փոքրիկի վիճակը վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը:Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետորոշել էին կատարել պերիտոնիալ դիալիզ:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատել էր։ Նրա առողջականը մի քանի օր շարունակ գնահատվում էր կայուն ծանր։

Ավելի ուշ հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել, ապա նաընդունել է իր կատարած հանցանքը։

Նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է.

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց:

Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ամբողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»:

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ՆիկոլայԴալլաքյանը նշել էր, որ երիկամային անբավարարությունը, որը սկզբնական շրջանում հաջողվել էր կանգնեցնել, նորից խորացել է, որն էլ շղթայական ռեակցիայով բերել է օրգանիզմում հեղուկի և շլակների կուտակման: Երեխան այտուցվում է, թոքերում զարգանում է այտուց, հեղուկի կուտակում և շնչառական անբավարարություն:Նրա խոսքով` երեկոյան միանշանակ արձանագրվել, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ:

Անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը նշել է, որ երեխայի համար արվում է ամեն ինչ:

«Արդեն չորրորդ օրն է՝ այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին»,- շեշտել է Խաչատրյանը:

Արդեն այսօր առավոտյան առողջապահության նախարարի ղեկավարությամբ և ռուս մասնագետների մասնակցությամբ երրորդ կոսնիլիում է կայացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---