6  26.01.15 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը

ԱԳ նախարար. Թուրքիան լավ հնարավորություն ուներ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները

ԱԳ նախարար. Թուրքիան լավ հնարավորություն ուներ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - 2014 թվականի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է երկրի անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, միջազգային ասպարեզներում ներգրավմանը, ՀՀ դիրքերի ամրապնդմանը, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը և այլ հարցերի շուրջ քաղաքականությունը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով անցնող տարին՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ԼՂՀ հիմնահարցին, օգոստոսյան դեպքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքներին:

«Շարունակվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանն ուղղված աշխատանքները: Տարին նշանավորվել է ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում «առանց նախապայմանների» սկզբունքը շարունակել է վայելել միջազգային ատյանի դրական վերաբերմունքը: Շարունակվել են ընդլայնվել նաև դիվանագիտական հարաբերությունները: Մեծ ուշադրություն է դարձվել հայրենիք-սփյուռք կապերին»,- ասել է ԱԳ նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն վերաբերում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի վերաբերյալ հայտարարությանը, Նալբանդյանը պատասխանեց. «Ութ տարի շարունակ չկարողացան բացահայտել Դինքի սպանության կատարողին, հիմա ինչ-որ բարիդրացիական հայտարարություններ են անում: Նրանց հայտարարություններում որևէ նոր բան չկա»:

«Թուրքական իշխանությունները վերջին հինգ-վեց տարում մեծ հնարավորություն ունեին օգտագործել պատմական առիթն ու վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման գործընթացը: Ավաղ, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատավել, շարունակեցին առիթը բաց չթողել ժխտելու Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած ոչ բարեկամական հայտարարություններ և գործողություններ անել, որն ավելի խորացրեց անվստահությունը»,- նշել է նախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Մյուս հարցին, թե ինչու է ԱԳՆ-ն ուշացած արձագանքում Ադրբեջանի կողմից հնչող սադրանքներին ու հայտարարություններին, նախարարը պատասխանել է. «Դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունի, դա կարող է լինել հրապարակավ, հանդիպումների ընթացքում և այլն: ԱԳՆ-ն անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները, պարզապես տարբեր մարդիկ դրան տարբեր կերպ են արձագանքում: Եթե խոսքը գնում է ճառ ասելու, թե զանգ կախելու մասին, ապա ես նախընտրում եմ երկրորդը»:

«Առավոտն» էլ գրում է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից պարբերաբար հնչող մեղադրանքների առնչությամբ Նալբանդյանը նկատել է. «Տաս անգամ` «հալվա ասելով` բերանը չի քաղցրանա»:

Օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Հայաստան Ղարաբաղյան հակամարտության հարցում նույն դիրքորոշումներն ունեն: Այս առիթով Հայաստանի արտգործնախարարը նշել է.

«Ադրբեջանցիները ներկայացնում են այն, ինչ ցանկանում են ներկայացնել: Այո՛, Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքորոշման հետ, ինչպես Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների հետ: Նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղում են պաշտոնյաների հայտարարությունները: Չեմ հիշում որևէ բանակցություն համանախագահների, ԱԳ նախարարների հետ, երբ ադրբեջանական կողմը գլխի վրա շուռ չտա բանակցությունների, հանդիպումների էությունը»:

Պատասխանելով հարցին, թե Գյումրիի դեպքերի հետ կապված տպավորություն կա, որ պետական մարմինները ուշ են արձագանքում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Հենց այդ օրը ՀՀ նախագահը իրավապահ մարմինների հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել է հանձնարարական, որ ամենասեղմ ժամկետներում բացահայտեն հանցագործությունը: Հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ, շփումներ եղել և շարունակվում են ամենատարբեր մակարդակներում, լիակատար փոխըմբռնում կա, որ դատահետաքննությունը լինի բաց ու թափանցիկ, և որ մեղավորները օրենքի ամբողջ ուժով պատժվեն»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---