Սաուդյան Արաբիան, հավանաբար, կպահպանի նավթի արդյունահանման ծավալները

Սաուդյան Արաբիան, հավանաբար, կպահպանի նավթի արդյունահանման ծավալները

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման բեն Աբդելազիզ աս Սաուդը կշարունակի նավթի արդյունահանման բարձր ծավալների պահպանման քաղաքականությունը, չնայած նավթի գների անկմանը համաշխարհային շուկայում: Սակայն ցածր գների տևական շրջանն ու բյուջեի վարման բարդությունները կարող են տատանել նրա վճռականությունը, հայտնում է Pravda.ru-ն The New York Times-ին հղումով:

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ոլորտի անժխտելի առաջատարն է ինչպես Մերձավոր Արևելքի երկրներում, այնպես էլ ՕՊԵԿ շրջանակում: Թագավոր Աբդալլայի վախճանը, որի մահվան մասին հայտնի դարձավ ուրբաթ օրը, լուրջ քննարկումներ առաջ բերեց շուկայի մասնակիցների ու փորձագետների շրջանում նավթային քաղաքականության ուղղվածության հնարավոր փոփոխության մասին:

Սակայն մեծամասնությունն այն կարծիքի էր, որ Սաուդյան Արաբիան դեռևս չի շտապի փոփոխությունների հարցում: Այդ կարծիքն ավելի ուշ հաստատեց նաև նոր թագավորն անձամբ՝ հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ կշարունակի «այն ճիշտ քաղաքականությունը, որը Սաուդյան Արաբիան որդեգրել է հիմնադրման պահից»:

Անորոշության աճի պայմաններում թագավոր Սալմանը ձգտում է կայունության տպավորություն ստեղծել, նշում են փորձագետները: Նման ազդանշաններից էր նորությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետի գրեթե բոլոր անդամները կպահպանեն պաշտոնները՝ ներառյալ նավթի նախարար Ալի իբն Իբրահիմ ան Նուայմիին: Սակայն եթե գները ցածր մնան ևս մեկ տարի կամ ավելին, թագավոր Սլամանի ու նրա նավթի նախարարի համար դժվար կլինի համոզել ՕՊԵԿ մյուս անդամներին ընտրած քաղաքականությանը հավատարիմ մնալու հարցում: Ըստ ԱՄՀ գնահատականի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցում նրա դաշնակիցների եկամուտները նավթից 2015-ին կկրճատվեն 300 մլրդ դոլարով:

Վերջին հարցազրույցներում Մերձավոր Արևելքի երկրների նավթային գերատեսչությունների ներկայացուցիչները խոստովանել են, որ զարմացած են, թե որքան արագ ու մեծ անկում գրանցվեց նավթի գների ոլորտում: Նրանց մեծ մասը կարծում էր, որ նվազագույն անկումը կլինի մեկ բարելի համար 50-60 դոլարի սահմանում, սակայն այժմ գները մեկ բարելի համար 50 դոլարից էլ պակաս են:

«Նոր թագավորի մուտքով փոփոխությունների հնարավորություն առաջացավ: Եթե նրանք հայտարարեն, որ մտադիր են կրճատել արդյունահանումը, երկու ամսում մենք կտեսնենք, որ մեկ բարելի գինը կբարձրանա առնվազն 30 դոլարով և կվերադառնա մեկ բարելի դիմաց 75 կամ ավելի դոլարի մակարդակին»,-հայտարարել է Latshaw Drilling Company գործարար ոլորտի հետազոտությունների տնօրեն Սթիվ Մաքքոյը:

Սակայն վերլուծաբաններից շատերը զգալի փոփոխություններ չեն ակնկալում:

Այսպիսով, Սաուդյան Արաբիան, հավանաբար, կշարունակի նավթ արդյունահանել նախկին ծավալնելով՝ մոտ 9,5 մլն բարել օրական, պահպանելու համար շուկայի իր հատվածը, չնայած գների անկմանը: Նավթի արտահանումը թագավորությունից օրական կազմում է մոտ 7 մլն բարել, այդ երկրին է բաժին ընկնում համաշխարհային առաքումների 10 տոկոսը:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---