Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթի» երևանյան նստաշրջանին

Ադրբեջանը չի մասնակցի «Եվրանեսթի» երևանյան նստաշրջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցի մարտի 16-18-ը Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, հայտնել է «Եվրանեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունը 2011-2014 թթ. «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջաններում և բյուրոյի նիստերում հետևողականորեն բողոքել է Հայաստանում Վեհաժողովի բյուրոյի և կոմիտեների նիստերի անցկացման, ինչպես նաև Վեհաժողովում Հայաստանի համանախագահության դեմ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ադրբեջանական պատվիրակությունը միանշանակ հայտարարել է, որ չի մասնակցելու Հայաստանում անցկացվող նստաշրջաններին ու նիստերին: Երևանում «Եվրանեսթ»-ի լիագումար նստաշրջանի անցկացման որոշումը ընդունվել է ադրբեջանական պատվիրակության բողոքներին հակառակ»,-նշել է Սուլեյմանովը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն արդեն բազմիցս է իր «դժգոհությունը» հայտնել նստաշրջանը Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Երբ 2014-ի հոկտեմբերին որոշվեց նստաշրջանը Երևանում անցկացնել, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարեց. «Նստաշրջանի անցկացումը Երևանում վիրավորական է Ադրբեջանի համար: Դա վկայում է «Եվրանեսթի» ու եվրոպական ինստիտուտների երկակի ստանդարտների, Ադրբեջանի հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունքի մասին»,-ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարը:

2013-ի նոյեմբերին ԱՄՆ հետախուզությունը հրապարակեց Ադրբեջանում 2013-ի նոյեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ընթացքին հետևող ԵԽԽՎ դիտորդական խմբի անդամներին կաշառելու ապացույցները: ԱՄՆ-ն հայտարարեց, որ կան անհերքելի ապացույցներ, որ ԵԽԽՎ դիտորդները կաշառվել են: Ըստ աղբյուրի, ապացույցների թվում են նաև եվրախորհրդարանականների հեռախոսազրույցները:

Ըստ տեղեկատվության, ԱՄՆ հետախուզությունը դեռ ընտրություններից առաջ էր իրազեկված ԵԽԽՎ պատգամավորների հետ հնարավոր գործարքի մասին և նախապես կազմակերպեց նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումն ու նամակագրության հսկողությունը համացանցում: Բանակցությունները հանձնարարվել էին, ըստ աղբյուրի, «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովին:

Ասվում էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ նա Եվրոպայում խորհրդատվական իրավաբանական կառույցներից մեկի միջոցով, մասնավորապես, Գերմանիայում, մի շարք եվրոպացի խորհրդարանականների է փոխանցել 50-հազարական դոլար: «Այդ մասին իրազեկվել են նաև Ադրբեջանի իշխանությունները»: Ավելի հստակ, փաստարկված պատասխան է տրվել Բաքվի այն պնդումներին, թե իբր «Ամերիկան ճնշում է գործադրում Եվրոպայի վրա, որպեսզի վերջինս չճանաչի ընտրությունների արդյունքները»:

Սուլեյմանովի անունը նախկինում էլ է շոշափվել եվրախորհրդարանականներին կաշառելու առումով: Լուրեր են տարածվում, որ Սուլեյմանովը «խավիարային դիվանագիտության առաջատար դեմքերից է: Վերջերս «Եվրոպական կայունության նախաձեռնության» հաշվետվության մեջ ասվում էր, որ Բաքու այցելության ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամների խմբի անդամները որպես նվեր ստանում են խավիար, մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, ինչպես նաև կանխիկ դրամ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---