Ամերիկացիների թիվը, որոնք համարում են, թե «Ռուսաստանն ԱՄՆ գլխավոր թշնամին է», մեկ տարում կրկնապատկվել է, վկայում են Gallup-ի հարցման արդյունքները: Ըստ հետազոտության, նման կարծիք ունի ամերիկացիների 18 տոկոսը: Երկու տարի առաջ այդ ցուցանիշն ընդամենը 2 տոկոս էր, իսկ 2014-ին՝ հասավ 9 տոկոսի:
Մոսկվայի ու Վաշինգտոնի աճող հակասությունների ֆոնին ՌԴ-ն գլխավորել է ԱՄՆ «գլխավոր թշնամիների» ցուցակը: Երկրորդ տեղում է Հյուսիսային Կորեան, իսկ Չինաստանն ու Իրանը, որոնք առաջին հորիզոնականներում էին նախորդ 3 տարում, զգալիորեն «զիջել են» դիրքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ընդ որում ամերիկացիների կեսը համարում է, որ ռուսական ռազմական ուժը սպառնալիք է իրենց երկրի համար՝ այդպես է կարծում հարցման մասնակիցների 49 տոկոսը:
ԱՄՆ քաղաքացիների 41 տոկոսը դիտարկում է Ռուսաստանին որպես լուրջ, բայց ոչ ճգնաժամային սպառնալիք: Հարցման մասնակիցների 47 տոկոսի համար Ռուսաստանը սպառնալիք չէ, թեև 2014-ին ցուցանիշը 17 տոկոս էր: Առաջիկա 10 տարում ԱՄՆ սպառնացող վտանգների ցանկում ՌԴ ռազմական հզորությունը հինգերորդ տեղում է: Հարցման մասնակիցներն ավելի լուրջ սպառնալիք են համարում «Իսլամական պետությունն» ու միջազգային ահաբեկչությունը՝ 84 տոկոս, Իրանի կողմից միջուկային ծրագրի մշակումը՝ 77 տոկոս, Հյուսիսային Կորեայի ռազմական հզորությունը՝ 64 տոկոս:
Gallup ընկերության հարցումն անցկացվել է փետրվարի 8-11-ը, «նորմանդական քառյակի» հանդիպումից անմիջապես հետո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԳԴՀ կանցլեր Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով «ՌԴ մեկուսացումն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, միայն կուժգնանա»:
Օբաման ու Մերկելը հայտարարեցին, որ պայմանավորվել են պահապնել ՌԴ դեմ պատժամիջոցները, ինչպես նաև խստացնել դրանք, եթե Մոսկվան չփոխի քաղաքականությունը:
Ընդ որում Օբաման հայտարարել է, որ Ամերիկային հզոր Ռուսաստան է հարկավոր: «Միայն ուժեղ ու բարգավաճ» Ռուսաստանը կարող է գործընկեր լինել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում, ասել է ԱՄՆ նախագահը: