17 փետրվարի 2015 - 12:53 AMT
Գյումրիի սպանությունը. Փաստաբանը միջնորդություն կներկայացնի Պերմյակովի տկարամտության լուրը ճշտելու համար

Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն կներկայացնի ՌԴ համապատասխան կառույցներին՝ Վալերի Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու նպատակով, հայտնում է Aravot.am-ը:

«Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաև դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետև գործողություններ կան, որոնք որ պետք չէ նախապես իմանան՝ մենք ինչ ենք անելու: Ոչ միայն փաստաթղթային ձևով, այլ որոշակի այլ քայլեր կան, որոնք պետք է պարզենք ու հասկանանք: Կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը դա քննչական մարմնի միջոցով միջնորդելն է»,-ասել է փաստաբանը:

Ինչ վերաբերում է ՌԴ զինվորական դատախազի այն հայտարարությանը, համաձայն որի, վերջինս չի բացառել այս գործում ռուս դատախազների՝ որպես մեղադրող կողմ հանդես գալը, ապա փաստաբանն ասել է, որ նման հայտարարությունները արտահայտում են առանձին անհատի անձնական կարծիքը: «Դա մարդու ենթադրությունն է եղել: Պաշտոնական մակարդակով նման հայտարարություն դեռևս չենք լսել, բայց չենք էլ բացառում, որ նման մտադրություն ունեն: Հետևաբար ես կողմ եմ, որ մենք միահամուռ փորձենք մեր իրավունքները պաշտպանենք, հասնենք ինչին ուզում ենք»,-ասել է նա:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:

Ընթերցեք նաև. Դատաքիմիական փորձաքննություն. Պերմյակովը թմրամիջոց և հոգեմետ նյութեր չի օգտագործել