ԴԺՀ և ԼԺՀ գրոհայինները փաստորեն ջանում են տապալել Մինսկի համաձայնությունները: Նման կարծիք է հայտնել Երևանում կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Անդրադառնալով իրավիճակին Ուկրաինայում՝ դեսպանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում շեշտադրել ուշադրությունը 2015-ի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրի առաջին հիմնական կետի վրա, որտեղ խոսք է գնում Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների առանձին վայրերում անհապաղ և համատարած հրադադարի հաստատման և այն խստորեն պահպանելու մասին փետրվարի 15-ի 00:00-ից: «Եվ Ուկրաինան, և Եվրոպան, և համաշխարհային հանրությունը սպասում էին կրակի դադարեցման: Փետրվարի 15-ի 00:00-ից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգեց դադարեցնել կրակը: Սակայն փետրվարի 18-ին Ուկրաինան ստիպված է փաստել, որ փաստաթուղթը ստորագրած կողմերից մեկը, այս դեպքում ԴԺՀ և ԼԺՀ գրոհայինները, չեն դադարեցնում կրակը, հատկապես Դեբալցևոյի շրջանում»,-եզրակացրել է Կուխտան:
Ըստ նրա տեղեկությունների, այս օրերին Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը մշտապես խախտվում է, մարտեր են ընթանում ականանետների կիրառությամբ: «Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և «նորմանդական քառյակի» առաջնորդների հետ: Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերը չեն կատարվում: ԴԺՀ և ԼԺՀ գրոհայինները փաստորեն ջանում են խափանել Մինսկի համաձայնությունները»,-ասել է Կուխտան:
Անդրադառնալով «նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքներին՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը բարդ է անվանել Մինսկում կայացած բանակցությունները: «Նորմանդական քառյակի» հանդիպումը երկար էր ու դժվար: Բանակցությունների շրջանակում էին ոչ միայն առանցքային պետությունների առաջնորդները, այլ նաև պատվիրակությունները, անցկացվել է նաև Շփման խմբի նիստ: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց Մինսկի համաձայնագրերի իրականացմանն ուղղված համալիր միջոցների մասին փաստաթուղթը: Բանակցությունների արդյունքում ստորագրվեց Մինսկի համաձայնագրերի իրականացմանն ուղղված համալիր միջոցների մասին փաստաթուղթը, ինչպես նաև ընդունվեց նախագահների հռչակագիրն այն մասին, որ նրանք սատարում են այդ միջոցներին»,-ասել է Կուխտան՝ նշելով, որ չնայած 16 ժամ տևած բանակցություններին, լռության ռեժիմն Ուկրաինայի արևելքում չհաստատվեց, հայտնում է Armenia Today-ը:
Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին:
Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: