Հայաստանի քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից

Հայաստանի քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին կառավարության նիստում որոշվել է հաստատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Մասնավորապես` կարգավորվում են ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

Որոշումը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ որոշումը վերաբերում է հիպոթեքային վարկի գծով նախատեսված տոկոսները եկամտային հարկից նվազեցնելու ընթացակարգին: 2014թ. ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով թույլատրվեց եկամտային հարկի գծով նվազեցում կատարել հիպոթեքային տոկոսների մասով, ընդ որում` այդ նվազեցումը կատարվելու էր պետության կողմից կատարվող վերադարձի ձևով: Այսինքն` այդ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը իր վրա է վերցնում հիպոթեքային վարկի գծով տոկոսների ֆինանսավորման բեռը` փաստացի տոկոսադրույքը սահմանելով 0 տոկոս:

Դա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս հիպոթեքի տոկոսը հետ ստանալ պետությունից: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա շատ լուրջ քայլ է կառավարության կողմից: «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որ մեր քաղաքացիները կարողանան առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և ունենան բնակարաններ: Փաստորեն, այդ հիպոթեքի տոկոսադրույքը պետական բյուջեն վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հանձնարարելով հրատապ ստորագրել այդ որոշումը:

Օրենքը հետադարձ ուժ չունի, նրանք, ովքեր բնակարան գնել և հիփոթեք են վերցրել նոյեմբերի 1-ից առաջ, եկամտահարկ ետ ստանալու արտոնությունից չեն կարող օգտվել։ Արտոնությունների նպատակը տնտեսությունն աշխուժացնելն է՝ շինարարության պահանջարկը խթանելով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---