ԱԳ նախարարն ադրբեջանցի դիվերսանտների մասին. Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը

ԱԳ նախարարն ադրբեջանցի դիվերսանտների մասին. Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի ժամանակ չեն բարձրացրել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների արտահանձնման հարցը: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ նորից հարցը տեղափոխվում է այլ հարթություն, նենգափոխվում է, քանի որ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ ամբողջությամբ խնդիրը գլխիվայր շուռ տված է ներկայացնում միջազգային հանրությանը և ԱՄՆ Պետդեպն արդեն որպես «միջնորդ է» հանդես գալիս այս հարցում: Մասնավորապես ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հորդորել է ԱԳՆ-ին ավելի ակտիվ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ հավելելով, որ սա Ադրբեջանին դիմակազերծելու լավ հնարավորություն է:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվերսանտների հանցագործությունները, իրենց կողմից կատարված սպանությունները բացահայտված, փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը: Նա ասաց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում և հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, և դա միակ դեպքը չէր: «Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Ադրբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քա՞նի հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար»,-ասաց Նալբանդյանը:

Էլ չասած, որ Բաքվի «մեծ մարդասերներն» իրենց հատուկ «մարդասիրությամբ» ամեն օր սեփական քաղաքացիներին են խոշտանգում, և հատկապես նրանց, ովքեր խաղաղության, հանդուրժողականության, հաշտեցման և մարդասիրության ջատագով են։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսևորումները ծառայեցնում են ատելության և այլատյացության խորացման համար, հայտնում է Armenia Today-ը:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Երևանում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն, անդրադառնալով Բաքվում իր հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին, հայտարարել էր, որ «նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիներին կատարել մարդասիրական ժեստ»:

Հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչ է ակնկալում մարդասիրաիական այդ քայլից և արդարացված կլինի արդյոք դա, Փսակին ասել է. «Դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք նախկինում ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը ևս կոչ է արել համապատասխան իշխանություններին վերադարձնել բանտարկյալներին։ Անցյալում կողմերը հինականում ունեցել են բանտարկյալներին որպես մարդասիրական ժեստ վերադարձնելու պրակտիկա, և ինչպես ցույց է տվել փորձը, նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու կողմերի միջև վստահություն ստեղծում։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորիա Նուլանդը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «տարօրինակ» բառով է որակել ԱՄՆ Պետքարտուղարության կոչը՝ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին:Բաբայանն ասել է, որ ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելը հնարավոր չէ: «Չեմ կարծում, դա հնարավոր չէ, մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասել է նա:

«Նույն Ադրբեջանը, որ հերոսացնում է Սաֆարովին, բայց չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել, իսկ հիմա ադրբեջանական լոբբին անընդհատ ինչ-որ փորձեր է անում: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---