Օբաման 1 տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

Օբաման 1 տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես հետևում է հրապարակված փաստաթղթերից, խոսքը այն սահմանափակող միջոցների մասին է, որոնք ԱՄՆ կառավարությունը կիրառում է ՌԴ դեմ նախորդ տարվա մարտի 6-ից, 16-ից, 20-ից, ինչպես նաև դեկտեմբերի 19-ից:

Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների, այդ թվում պաշտոնյաների, ինչպես նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամներին: Բացի այդ, պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի մի շարք խոշոր ընկերությունների և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ:

Ըստ Օբամայի, նա եկել է այն եզրակացության, որ բոլոր այդ պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան նաև 2015-ի մարտի 6-ից հետո»: Նրա հայտարարության մեջ նաև ասվում է, որ նա եկարացնում է զսպող միջոցները «ևս մեկ տարով»:

Օբաման հայտարարել է, որ իրավիճակը, որը «արտասովոր ու էքստրաօրդինար սպառնալիք է ԱՄՆ անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը», դեռևս պահպանվում է: Այդ սպառնալիքը ստեղծում են «քաղաքականությունն ու մարդիկ, որոնք խարխլում են ժողովրդավարական գործընթացներն Ուկրաինայում, սպառնում են Ուկրաինայի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-հայտարարել է Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ փետրվարի 20-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները այնպես չաշխատեցին, ինչպես Արևմուտքն էր ծրագրում: Ըստ նրա, իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց, որ «ամերիկացիների նախընտրած միջոցը՝ տնտեսական ճնշման ու քաղաքական շանտաժի համակցման մեթոդն առաջին անգամ ֆիասկո կրեց», գրում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնում ևս խոստովանեցին, որ Արևմուտքի պատժամիջոցները չեն փոխում ՌԴ քաղաքականությունը և իրադարձությունների զարգացումը տեղերում, այդ թվում Ուկրաինայի հակամարտության գոտում: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահ է, որ «ԱՄՆ ու Արևմուտքի պատժամիջոցները զգալի ազդեցություն ունեցան ռուսական տնտեսության վրա»: Սակայն, նա հնարավոր համարեց նաև լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը:

Փետրվարի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վաշինգտոնը կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի դեմ: Ըստ նրա, ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը: Օբաման գտնում է, որ Կիևի իշխանությունները «լուրջ բարեփոխումներ են նախաձեռնել, որոնք կօգնեն Ուկրաինային»:

CNN-ին տված հարցազրույցում Օբաման կրկին մեղադրեց Ռուսաստանին Դոնբասի աշխարհազորայիններին մեղադրելու և նրանց սպառազինություն մատակարարելու մեջ, այն դեպքում, երբ Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձություններին և ռազմատեխնիկա ու զինամթերք չի առաքում աշխարհազորայիններին:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկության դեմ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---