ՀՀ-ն ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հաստատմանն է ներկայացրել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը

ՀՀ-ն ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հաստատմանն է ներկայացրել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրել է, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեն մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման միջազգային հավաքական ջանքերին։

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։

Նալբանդյանը կարևորել է Մարդու իրավունքների խորհրդում իր ելույթը այն դիտանկյունից, որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Նա նշել է, որ «առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին»:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»։

«Ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև:

Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին:

Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին»:

Կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը և գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ:

Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը»,- ասել է Նալբանդյանը:

Բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, «Ալ Նուսրայի», այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերկրյա զինյալների և ֆինանսական հոսքերից, և այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը»,-ասել է ԱԳ նախարարն իր ելույթում:

Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցի մասին` նշելով, որ «մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական և շարունակական գործընթաց է»:

«Հունվարի 22-ին Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցը: Հայաստանի առաջին զեկույցի շրջափուլից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և տարբեր Ազգային գործողությունների ծրագրեր են ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել են Հայաստանի պարտավորությունների կատարման էական դրական զարգացումներ: Միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---