Պահանջելով Արցախի միջազգային ճանաչում. Ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարությունը

Պահանջելով Արցախի միջազգային ճանաչում. Ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի երեք անդամ «Էքսպրես» հեղինակավոր շաբաթաթերթի կայքէջում հանդես են եկել հայտարարությամբ՝ ի նպաստ Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հայտարարության հեղինակներից երկուսը սենատորներ են` Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, երրորդը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

2015-ի հունվարի 27-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը լուրջ մտահոգություն հայտնեցին շփման գծի երկայնքով և հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) կոչ արեցին Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։

Ֆրանսիացի գործիչներն իրենց հայտարարությունում նախ գոհունակություն են հայտնել, որ համանախագահներն իրենց վերջին դիրքորոշումներում ավելի լավ են նկատի առել տարածաշրջանում տիրող քաղաքական իրողությունը։ «Ղարաբաղի երիտասարդ դեմոկրատիան շարունակում է բախվել Ադրբեջանի ինքնակալ կարգի սպառնալիքներին, ինչը հաստատում է, որ չնայած 1994 թվականին կնքված զինադադարին՝ լարվածությունն աճում է տարեցտարի, շաբաթից շաբաթ, սահմանամերձ շրջաններում, որի համար համանախագահները երկար ժամանակ խուսափել են դրա պատասխանատվությունը դնել մեկ կամ մյուս կողմի վրա և գոնե պաշտոնապես անտեսել են Լեռնային Ղարաբաղին։ Համանախագահների վերջերս արած մի քանի հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք հրաժարվել են այդ քաղաքականությունից, որը ոչ միայն անարդար է բարոյապես, այլև՝ անարդյունավետ», - ասված է հայտարարությունում։

Նրանք հայտարարությունում նաև նշել են, որ չպետք է միևնույն մակարդակի վրա դնել զոհին և նրա վրա հարձակվողին.

«Եվ պետք է հաշվի առնել մանավանդ կողմերի քաղաքական կարգերը, որոնք շատ տարբեր են իրարից՝ այսինքն, մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը, որը փորձում է խորհրդարանական դեմոկրատիա կառուցել՝ 24 տարի ի վեր ընտրություններ կազմակերպելով և գերզինված Ադրբեջանի ռազմական հարձակումների հանդեպ իր բնակիչների պաշտպանությունը ստանձնելով, իսկ մյուս կողմից Ալիևի արյունահեղ բռնապետությունն է, որը բանտարկում է իր ընդդիմադիրներին և մարդու իրավունքների պաշտպաններին, խեղդում ամեն ազատ ձայն, ինչի վերջին օրինակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումն է»։

Ֆրանսիացի գործիչներն ընդգծել են, որ պատերազմի շարունակումը, հակահայ քարոզչությունը Բաքվի համար անհրաժեշտություն է՝ երկրի ներսում ընդդիմությունը ճնշելու համար. «Դա հնարավորություն է տալիս Ալիևին համախմբել Ադրբեջանի հասարակության բեկորները՝ շատ լավ գիտակցելով, որ նման հայատյաց քարոզչության միջոցով ինքը նպատակ ունի ժողովրդի ուշադրությունն իր սեփական զեղծարարություններից շեղել և իշխանության գլուխ մնալ»։ «Մենք պետք է ավելի քան երբեք նեցուկ լինենք Ղարաբաղի դեմոկրատիային, որի համար մենք պահանջում ենք Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը», - եզրակացրել են ֆրանսիացի խորհրդարանականները։

2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության խմբի ստեղծման մասին։

Այս կապակցությամբ նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ են անում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը և հայտնում են իրենց աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

Բարեկամության շրջանակի անդամները դիմել են Ֆրանսիայի քաղաքական այլ գործիչներին՝ միանալու այս նախաձեռնությանը։

Շրջանակի կազմի մեջ են մտել Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլիեն, ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեն, Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին, Բերնար Ֆուրնիեն, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավորներ Ժորժ Կոլոմբիեն և Ռիշար Մալիեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---