ԱՄՆ Կարսոն քաղաքի խորհուրդը ավագանու նիստում երկարատև քննարկումներից հետո միաձայն մերժել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկը: Այս մասին գրում Panoram.am-ը asbarez.com-ի վրա հղումով:
Ավելի քան 400 ամերիկահայ հավաքվել էր քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոքելու արձանի կանգնեցման դեմ: Արձանը տեղադրելու առաջարկի դեմ են արտահայտվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելլոյի քաղաքապետ Ջեք Հադջինյանը, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես (Արդի) Քասախյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշյանը, Ամերիկայի հունական խորհրդի փոխնախագահ Արիս Անագնոսը:
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռաիֆե Գուլրու Գեզերը մեկն է եղել վեցից, ովքեր իրենց ելույթում կողմ են արտահայտվել արձանի կանգնեցմանը: Կարսոնի քաղաքապետ Ջիմ Դիըրը, ով առաջարկել էր կանգնեցնել Քեմալ Աթաթուրքի հուշարձանն, ի վերջո դեմ է քվեարկել:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում լույս տեսնող «Մասիս Փոստ» թերթը կոչ էր արել տեղի հայ համայնքին բողոքով հանդես գալ Լոս Անջելեսի մոտակա Կարսոն քաղաքում թուրքական համայնքի կողմից Աթաթուրքի արձանի կանգնեցման նախաձեռնության դեմ:
2010-ին մտադրություն կար Աթաթուրքի հուշարձան կնագնեցնել Բուենոս Այրեսում, սակայն կառավարությունը այնտեղ ևս մերժեց առաջարկը:
Նույն թվականին թուրքական Ադաբազար քաղաքում 26-ամյա Մահմեդ Թեմիզը պղծել է Աթաթուրքի արձանը: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, նա սկզբում ներկով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին սվաստիկա է նկարել, ինչ-որ գրություն թողել, ապա կացնով սկսել հարվածել արձանին:
2011-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցներն այրեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը: