14 մարտի 2015 - 10:43 AMT
ԼՂՀ ՊԲ. Սադրանքները, որոնք Բաքուն հայկական կողմին է վերագրում, բնորոշ են Ադրբեջանի ԶՈւ-ին

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել հայկական ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի խաղաղ բնակչությանը գնդակոծելու մասին: Այս անգամ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրում է, թե իբր «Աղդամի շրջանում հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են խաղաղ բնակչությանը նրանց՝ գերեզմանոց այցելելու ժամանակ»:

ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը:

«ՊԲ ստորաբաժանումները մշտապես հետևել և հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Նմանօրինակ ձեռագիրը բնորոշ է Ադրբեջանի զինված ուժերին»,- հայտատարարեց ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ ադրբեջանական տեղեկատվական գործակալության հրապարակած 10 լուսանկարներից միայն մեկում է տապանաքարը վնասված, բայց և դրա վրա էլ փամփուշտի հետքեր չկան: Մնացած լուսանկարներում ցուցադրված են տապանաքարերի մոտ հարազատների մահը սգացող ադրբեջանցի գյուղացիներ, մինչդեռ ԱՊԱ-ն պնդում է, թե իբր «հայկական կողմի գնդակոծության պատճառով գրեթե անհնար է այցելել գերեզմանատուն»:

Մարտի 12-ին ՊԲ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի լույս 12-ի գիշերը հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե մարտի11-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ, գրում է ադբրեջանական APA-ն: Ըստ աղբյուրի, «հարձակման» ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Աթաև Անար Մամեդ օղլուն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրեց, որ մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարեց, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա և անհետևանք չի մնա:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը:

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: ։