17 մարտի 2015 - 11:18 AMT
Իսպանիայում ձերբակալված ջիհադականներն ահաբեկչություն էին նախապատրաստում թագավորական ընտանիքի դեմ

Իսպանիայում ձերբակալված ջիհադականները մտադիր էին հարձակում գործել թագավորական ընտանիքի վրա: Մասնավորապես, նրանց մտադրություններն առնչվում էին Ֆիլիպ VI թագավորին և նրա երկու դուստրերին՝ 9-ամյա Լեոնորին և 8-ամյա Սոֆիային, հայտնում է Լենտա.ռո-ն Sputnik գործակալության վրա հղումով:

Իսպանիայի իրավապահ մարմիններն այդ եզրակացության են եկել, ծանոթանալով խուզարկության ժամանակ հայտնաբերված գրության բովանդակությանը: «Ֆիլիպը կիմանա թե ինչ է տառապանքը, երբ նրա դուստրերը հայտնվեն փլատակների տակ», գրված էր այնտեղ:

Մարտի 13-ին Իսպանիայում 8 մարդ ձերբակալվեց՝ վեց տղամարդ և երկու կին: Ձերբակալությունները տեղի ունեցան Բարսելոնայում, Ժիրոնում, Սյուդադ Ռեալում և Ավիլեում: Նրանց կասկածում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում կռվել ցանկացողներին անդամագրելու մեջ: Իսպանիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ խմբավորումը լուրջ սպառնալիք էր ազգային անվտանգությանը:

Կասկածյալներն Իսպանիայի քաղաքացիներ են, նրանցից 5-ն արմատներով մարոկացիներ են: Բոլորը կապեր են ունեցել «Իսլամական պետության» հետ միջնորդների օգնությամբ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Մարտի 13-ին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները նոր գրոհներով սպառնացին Փարիզին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրեց SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամիստական ռեսուրսների դիտարկումով: «Մենք Փարիզն ենք ուզում, իսկ հետո՝ Հռոմը»,-բերում է կազմակերպությունը ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ Ադնանի խոսքերը: